Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա քեզ կտանե Վան։ Ասլանը այնտեղ մի քանի օր պետք է մնա։ Դու դարձյալ կգտնես նրան։

— Ես կգնամ առավոտյան, վաղ առավոտյան։ Ասլանը խոստացավ սպասել ինձ առաջին իջևանում, ես նրան սպասել չեմ տա։

Առավոտյան ինձ բոլորովին առողջ չէի զգում։ Արյան չափազանց հոսումը բավական թուլացրել էր ինձ։ Բայց մի քանի օրից հետո ես կարող էի ձի նստել և ճանապարհ գնալ: Մարոն առաջարկեց Մըհեին ինձ հետը վեր առնել։

— Մըհեն ի՞նչու է եկել,— հարցրի ես։

— Նա եկել է մեզ տանելու,— պատասխանեց նա։

— Ո՞վ է ուղարկել։

— Հայրս։

— Ուրեմն ես ի՞նչպես կարող եմ նրան առնել ձեզանից։

— Մենք առանց նրան ևս կարող ենք գնալ։

— Հենց ե՞ս կույր հավի պես չեմ կարող մենակ ճանապարհ գնալ։

— Կարող ես, բայց ճանապարհը կկորցնես։ Բացի դրանից Մըհեն հորիցս նամակ ունի Ասլանի վրա, պետք է շուտով հասցնի։

Արևը դեռ չծագած Մըհեի հետ ճանապարհը ընկանք։ Նա ձի նստելու սովորություն չուներ։ «Մեղք է, ասում էր, ապա ոտքերս ինչո՞ւ համար ստեղծել է աստված»։

Մըհեն գնում էր իմ ձիու առջևից, ահագին լախտը իր թևի վրա դրած։ Նա լուռ էր, նա չէր խոսում և իմ հարցերին տալիս էր խիստ կարճ պատասխաններ։

Ես ճանապարհին հազիվ կարողացա մտաբերել, թե որքան անքաղաքավարի կերպով բաժանվեցա Մարոյից։ Ես նրան ոչ մի խոսք չասացի. նա այնքան տեղ եկավ ինձ հետ, նայում էր իմ վրա, սպասում էր մի քաղցր խոսք լսել։ Ես մտաբերեցի, որ իմ հեռանալուց հետո, նա իսկույն չվերադարձավ դեպի վրանը, այլ նստեց ճանապարհի մոտ մի քարի վրա։ Ես այժմս էլ հիշում եմ, թե ինչպես գլուխը քարշ գցած, նստած էր նա։ Ես հարցրի Մըհեից։ Մըհեն Մարոյի մոտ էր, նա հետո եկավ և հասավ ինձ։

«Նա լաց էր լինում», ասաց իմ ուղեցույց Հերքուլեսը։

— Ինչո՞ւ էր լաց լինում, Մըհե։

— Սատանան գիտե, թե աղջիկը ինչու լաց կլինի...

Մըհեն, ինչպես առաջ ես մտածում էի, այնքան հիմար չէր․ նա երևաց ինձ խիստ ծածկամիտ մի մարդ։ Որովհետև որքան ես