Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շալեղեն գործվածները, որոնցմով պարծենում է Վանը, որոնք ծառայում են հարուստ իշխանների համար վերարկու և այլ հագուստներ լինելու: Նրանք ծանոթ են բոլոր բույսերի, արմատների և հանքերի հետ, որոնք տալիս են զանազան ներկեր, և իրանք են պատրաստում այն գեղեցիկ գույները, որոնցմով նշանավոր են Վանա շալեղեն գործվածները։ Այս բոլորից երևում է, որ այս ժողովուրդը շատ հին ժամանակներում դուրս է եկել իր վայրենությունից, և արհեստը ու աշխատությունը խիստ վաղուց ծանոթ է եղել նրան:

Կինը այստեղ մարդ էր, իր բուն նշանակությամբ. նրա հարաբերությունները տղամարդի հետ ավելի ազատ էին։ Նա մնացել էր իր նահապետական պարզության մեջ. նա դեռ չէր խարդախվել հարեմական սովորություններով, որպես Պարսկաստանի և Հայաստանի այլ կողմերի հայ կանայք, որոնք մահմեդականների ազդեցության տակ փոխել էին իրանց ազգային բնավորության իսկական հատկանիշները։

Ավելի ազատ էին աղջիկները, դեռ կույս, չամուսնացած աղջիկները։ Նրանք թեև սովոր չէին խոսել սիրո վրա, թեև չգիտեին սեթևեթել մանուկ պատանիների հետ, բայց նրանց արգելված չէր խոսել, զվարճանալ, զբոսանքի գնալ երիտասարդների հետ։ Այսպիսի սպարտական սերտ հարաբերությունները երկու սեռերի, առաջ էր բերել ամբողջ ժողովրդի մեջ մի տեսակ անմեղություն, որ տիրում է մի ընտանիքի մեջ, քույր և եղբոր մեջ։

«Ազատությունը, ասում էր Ասլանը, գտնվում է ժողովրդական կենցաղավարության երկու ծայրերի մեջ, մեկում, երբ նա դեռ իր նահապետական պարզության մեջ է ապրում, մյուսում, երբ նա հասել է քաղաքակրթության լույսին։ Այս երկու ծայրերի միջոցում տիրում է ստրկությունը»։— Այս ժովովուրդրը դեռ աոաջին ծայրի վրա է կանգնած:

Ծերունի տանուտերը, տեսնելով, որ ես շատ շտապում եմ, հրամայեց իր ձիերից պատրաստել երկուսը, մեկը տվեց իր միջնակ որդուն և հրամայեց ինձ տանել և հասցնել Ս.-բեկի վրաններին, մյուսը ինձ տալով, ասաց.

— Քո ձին դողացվել է, ինձ համար նախատինք կլիներ, որ մի «լավ բարեկամիս» որդեգիրն իմ վրանում հյուր լինելուց հետո, այստեղից հեռանար առանց ձիու, դրա համար այս նժույգը կտանես որպես իմ կողմից ընծա։ Ես հրաժարվեցա ընդունելուց, և միևնույն ժամանակ