տալիս՝ «էս մինը հին է, ասում է, էս մինը պատռած է, ասում է, էս մինը ֆարշիվ է, ասում է, ձեզ խիստ կպատմեմ, ասում է»։ Մենք վախում ենք, փող ենք տալիս նրան, որ մեզ Սիբիր չուղարկե...
— Խեղճե՜ ր...— դառն կերպով հոգոց հանելով հառաչեր Բաքոսյանը։— Եվ ձեր բիլեթները ուղի՞ղ են,— հարցրեց նա։
— Ուղիղ են, որպես արևը երկնքում, աղա, կամենում եք ցույց կտանք,— ասացին բոլորը միաձայն։
— Հարկավոր չէ՛, բայց դուք իմացեք, որ այն չինովնիկը ձեզ խաբում է, որ փող առնե, մյուս անգամ գալու լինի՝ ոչինչ չտաք, միայն նրա անունը իմացեք, թե ով է նա, որ ինձ ասեք։
— Աստված քեզ երկար կյանք տա, ազատի՛ր մեզ, աղա ջան, նրա ձեռքից,— աղաչում էին մշակները։
— Դուք միայն նրա անունը իմացեք, բավական է։
Սույն խոսակցության միջոցին Բաքոսյանը լսեց մի դառն հոգոց հանելու և հառաչանքի ձայն, նայեց խրճիթի մթին անկյունում, աղյուսներով հատակած խոնավ գետնի վրա պառկած էր մի մաշված երիտասարդ։ Այդ հսկայի պարթևական մարմինը, որ բռնել էր ահագին տարածություն, սարսափելի կմախքի էր նման։ Նրա փալանը բարձի տեղ դրած էր նրա գլխի տակ և մի քրքրված վերարկու ձգած էր նրա վրա։
Մի քանի րոպե նայելով հիվանդին. «դա դեռևս կարող է ապրել», ասաց նա յուր մտքի մեջ և տխուր զգացմունքներով հեռացավ այդ սարսափելի բնակարանից։
Քանի ժամից հետո մի կառք կանգնեցավ այդ տան հանդեպ։ Հիվանդին նրա մեջ դնելով տեղափոխեցին մի խեղճ ընտանիքի մոտ, որին պատվիրած էր խնամք տանել նրա առողջությանը։
Է
Բաքոսյանը շտապով դնում էր մի լայն փողոցով, երբ լսեց մի ձայն, որ նրան կանչում էր։ Դեպի հետ նայելով՝ նա ճանաչեց յուր ծանոթ բժիշկ Բարակյանցին։
— Ա՜, Ստեփան Դանելիչ, լավ հանդիպեցար,— ասաց երիտասարդը, նրա ձեռքը սեղմելով,— ես այս րոպեիս բժշկի մոտ էի գնում, շտապեցե՛ք խնդրեմ, այսինչ թաղը, այսինչ փողոցում պարոն Ա...ի տունը. այնտեղ դուք կգտնեք մի հիվանդ։ Ահա՛, ձեր