Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին այցելության համար ես կանխիկ վճարում եմ, իսկ մնացածների համար նույնպես կստանաք ինձանից։

— Այս րոպեիս,— ասաց բժիշկը, և ընդունելով արծաթը, կամենում էր հեռանալ, երբ Բաքոսյանը կանգնեցրեց նրան։

— Ասացե՛ք խնդրեմ, դուք ունե՞ք ժամանակ մի տեղ շարունակ շաբաթը երկու անգամ այցելություն գործել։

— Այո,— պատասխանեց բժիշկը։

— Ուրեմն եղե՛ք այնքան բարի, այս երեկո յոթն ժամին ինձ մոտ անցնել, այդ մասին խոսենք։

—Շատ լավ,— ասաց բժիշկը և հեռացավ։

Բաքոսյանը հասավ տուն, երբ բավականին անցել էր ճաշից։

— Ո՞ւր էիր, այդքան ուշացար, Միշա, դու միշտ ստիպում ես քեզ սպասել,— ասաց նրա մայրը։

— Մի բարեկամի մոտ էի... այո՛, ուշացա,— պատասխանեց երիտասարդը։— Բայց դուք կարող էիք և առանց ինձ ճաշել։

— Մի՞թե առանց քեզ ես կարող եմ բերանս պատառ հաց դնել։

— Դու ինձ շա՛տ ես սիրում, մայր իմ,— ասաց որդին և գրկեց նրան։

Նրանք մտան սեղանատունը, ուր ամեն բարիքներով լի, փառավոր սեղանը սպասում էր նրանց։ Երիտասարդը նստավ մոր մոտ, իսկ Արտեմ Պավլիչը հավաքեց յուր շուրջը փոքրիկ երեխանցը...

— Ի՞նչ սովորություն է այդ, հայր, դուք չեք խոսում երեխայոց հետ հայերեն,— ասաց երիտասարդը։

— Հայերեն սովորելով ի՞նչ պետք է դառնան, որդի, հայեվարի հիմի ո՞վ է խոսում,— պատասխանեց Արտեմ Պավլիչը։

— Ամեն երեխա պետք է սկզբից յուր մայրենի լեզուն սովորե, այնուհետև օտար լեզուներ սովորելը նրա համար դժվար չէ՛։ Այդ է պահանջում արդի մանկավարժությունը։

— Ասենք թե մենք հայերեն խոսեցինք երեխաների հետ,— մեջ մտավ տիկին Մարիամը.— քոծ ու բջից էլի պիտի օտար լեզու սովորին...։

Արտեմ Պավլիչը երկար չխոսեց այդ առարկայի վրա, նա ամբողջ ճաշի միջոցին գանգատվում էր թանկությունից։

— Դժվար է էլի հիմա ապրուստը,— ասում էր նա դժգոհությամբ,— էսօր մեյդանում էնքան ման եկա, մինչև ժամից էլ հետ