Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա ավերակ բերդի պատկերն էր, որին գնացել էր նա հետազոտելու։ Թղթի վրա երևում էր բերդը իր աշտարակներով և կիսակործան փլատակներով, երևում էին լեռները, շավիղները և բերդի բոլոր մերձակայքը, այնքան կենդանի կերպով նկարված, որ կարծես իսկականը չիներ։ Դա Ասլանի շնորհալի ձեռքի գործն էր։ Սև մատիտը ամենայն ճարտարությամբ հնազանդվել էր նրան։ Եվ ես առաջին անգամ տեսնում էի մի այսպիսի հիանալի պատկեր։

Ասլանը տեսնելով, որ ես շատ գրավվեցա, ցույց տվեց ինձ մի քանի ուրիշ թղթեր ևս, բայց նրանք պատկերներ չէին, ես նրանցից ոչինչ հասկանալ չկարողացա, ինձ երևում էին միայն թղթի վրա խազխզած սև գծեր, որոնք բաժանված էին գույնզգույն ներկերով։

— Դրանք ի՞նչ են,— հարցրի Ասլանից։

— Վանա նահանգի աշխարհագրական քարտեզներն են,— պատասխանեց նա։

Ես դարձյալ ոչինչ հասկանալ չկարողացա։

— Այս թղթերի վրա,— ասաց նա, — նկարված են Վանա նահանգի բոլոր գյուղերը, լեռները, գետերը, դաշտերը, մի խոսքով, ինչ որ ստեղծել են բնությանը և մարդիկ։

— Ցույց տուր մի գյուղ,— ասեցի նրան։ Նա ցույց տվեց փոքրիկ օ-ի պես մի բան, որի մոտ խազած էր նույնպես փոքրիկ մի խաչ։

— Դա,— ասաց,— սուրբ տիրամոր գյուղն է, որտեղ դու ուխտ էիր գնացել։ Իսկ այն խաչը վանքն է։

— Այս ի՞նչպես գյուղ է, որտեղ ոչ մի մարդ չէ երևում,— հարցրի ես։ Նա ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց։

— Դրանք է՞լ դու ես նկարել,— հարցրի ես։

Նա գլխով շարժեց, թե այո՛:

Բայց ի՞նչ բանի պետք են դրանք։

— Բժիշկն երբ որ կամենում է բժշկել մի մարդու հիվանդությունը, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա մարմնի կազմվածքի հետ, — պատասխանեց նա։ — Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևիցե օգուտ մատուցանել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան։ Մեր ձիերը վրանի առջև կանգնած էին. ինձ համար պատրաստել էր տվել բեկը մինը իր ձիերից։ Ես հայտնեցի նրան, թե ինչ