պայմանով էի ընդունել ինձ ընծայած ձին հայ վրանաբնակների գլխավորից, և ավելացրի, թե ես այժմ իրավունք ունեի նրա տված պարգևը ինձ հետ տանել, որովհետև իմը չգտնվեցավ։ Ուրեմն բեկին պետք չէր իր ձիերից մեկը անհանգիստ անել։
— Ձեր ձին գտնվածի հաշվումն է, որովհետև նրա փոխարեն մենք ունենք տասը հատ,— ասաց բեկը ծանր կերպով— Բայց հայ վրանաբնակների գլխավորի քեզ ընծայած ձին ես վաղուց արդեն գարձրել եմ իր տիրոջը։
Ես ստիպվեցա ընդունել բեկի պարգևը, որի վրա ավելացրուց նա մի զույգ ատրճանակ, ասելով
— Այս ատրճանակները նույնպես ընդունեցեք իմ կողմից որպես ընծա, դրանք Բախչիսարայի ընտիր գործ են: Երբ որ կհաջողվի ձեզ դրանցով սպանել ձեր թշնամիներից մեկին, միշտ հիշեցեք եզիդիների բեկին։
Ասլանը մինչ այն աստիճան ընտանեցած էր բեկի գերդաստանի հետ, որ մինչև անգամ մտավ կանանոցը և ամենի հետ մնաց բացյավ ասաց։ Բոլորը շատ սիրով մեզ ճանապարհ դրին, միայն մի հոգի դժգոհ էր, դա էր գեղեցիկ Թութին, որ վրանի ետևում մենակ կանգնած, լաց էր լինում...
Արևը մտավ, երբ մենք հեծանք ձիերը։ Ես չկարողացա հասկանալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ասլանը միշտ գիշերով էր ճանապարհ գնում։
ԽԴ
ԳԻԺ ՏԵՐՏԵՐԸ ԵՎ ԲԺԻՇԿԸ
Երկրորդ ավուր առավոտյան պահուն մենք հասանք ոչ այնքան հեռու Վանից մի հայաբնակ գյուղ։— Այստեղ, ասաց Ասլանը, պետք է փոքր-ինչ հանգստանալ։
Ինձ շատ հաճելի էր նրա խոսքը, որովհետև ամբողջ գիշերը չէինք քնել, անդադար ճանապարհ էիեք եկած։
Նա ձին քշեց դեպի մի տուն, որ գյուղի քահանային էր պատկանում, ես էլ հետևեցի նրան։ Քահանան հայտնի էր այս կողմերում իր մականունով՝ «դալի քեշիշ» — որ նշանակում է գիժ տերտեր, բայց ոչ այն տեսակ գիժերից, որոնք խելք չունեն, այլ