Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն տեսակներից, որոնք մեր գրաբար լեզվում արտասանվում են բառերովս «խոլ» կամ «վիրագ»։

Մենք հասանք նրա տանը նույն ժամանակներում, երբ նա մի քանի մարդկանց իր դռան առջև կապած, ծեծ էր տալիս։

— Հը՜մ, տերտեր, էլ ի՞նչ կա, — ասաց Ասլանը նրան տեսնելով։

— Դարձյալ արդարության գավազանը ձեռք ես առել...

— Այս անպիտաններին պետք է մի փոքր խրատել...— պատասխանեց նա անփույթ կերպով և մոտեցավ մեզ։

— Դե՛, ցած իջեք, Վանից նոր բերել տված լավ արաղ և գինի ունեմ։

— Բայց մինչև մենք կխմենք ձեր լավ արաղն ու գինին, դուք հրամայեցեք, որ այս «անպիտաններին» արձակեն, — ասաց Ասլանը ծիծաղելով։

— Ոչ, դուք իմ դատաստանական գործերը մի՛ խառնեք, անպիտանները պետք է պատժվեն,— ասաց նա։—Գնանք տուն։

Հանցավորներն երկու քրդեր էին, որոնք, ասում էր տերտերը, գողացել են գյուզի նախիրից երեք կովեր։ Ասլանը այս ասելով, այլևս չմիջնորդեց. մտանք տերտերի տունը։ Նա մեզ տարավ մի սենյակ, որ իր հյուրանոցն էր և միևնույն ժամանակ քնարանը, բայց տերտերը նրան կոչում էր դիվանխանա, այսինքն, դիվանատուն։

Ես մտածում էի, թե այնտեղ կգտնեմ տեր Թոդիկի սենյակի նման զանազան կախարդական գրքեր կամ Այսմավուրք. բայց մի թղթի պատառ անդամ չկար այնտեղ։ Այնտեղ կային՝ նիզակներ, հրացաններ և զանազան տեսակ զենքեր։

Տերտերը, որպես երևում էր, առաջուց գիտեր Ասլանի նույն ժամուն իր տունը գալը, դիտեր նաև, թե որտեղից է գալիս նա։ Ես իսկույն հասկացա, որ Ասլանը և «գիժը» նախածանոթներ էին, գուցե շատ մոտ բարեկամներ։ Բայց ի՞նչ գործ ուներ խելացի Ասլանը «գժի» հետ։

Տերտերը բավական բարձրահասակ և ցամաք մարդ էր. նրա կազմվածքի բոլոր գծերից երևում էր վայրենություն: Ինչ որ ավելի սարսափելի էր և անախորժ, էր նրա ձայնը, որ խոսելու միջոցում որոտում էր։ Նրա ձախ ձեռքի երեք մատնեքը կտրած էին, երևի, սրով, իսկ գլխի ու պարանոցի վրա նույնպես վերքի նշաններ կային։ Եթե Ասլանը չասեր ինձ, թե նա քահանա է, ես կհամարեի «գժին» մի ավազակ, որ իր ամբողջ կյանքը անցուցել էր հափշտակություններով և մարդասպանությամբ։

Հենց որ մտանք «դիվանատունը», նա մոտեցավ մի պատուհանի