Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ չէինք լսի, կյուրակիները աշուղ է գալիս, մեզ համար երգում է, հեքիաթներ է ասում, մենք նրան փող էլ ենք բաշխում։

— Ուրեմն ես եկող կյուրակի կգամ ձեզ քարոզ կտամ, առանց ձեզանից փող առնելու,— վերջացրեց Բաքոսյանը և հեռացավ։

Մշակները զարմացան, թե նա որպես պետք է քարոզ կարդար իրանց, երբ քահանա չէր։

ԺԱ

Նույն ավուր երեկոյան պահուն Արտեմ Պավլիչը կանչեց որդուն յուր սենյակը։ Այնտեղ նստած էր մի վրացի իշխան, կարմիր մախմուրի արխալուղով, ոսկի ժապավենով եզերավորած կաբայով և արծաթապատ խանջալով։

Երիտասարդը քաղաքավարությամբ գլուխ տվավ նրան։

— Իմ որդիս, Միխայիլ Արտեմիչը։

— Կնյազ Ճիանճվելիձե,— ծանոթացրեց նրան Արտեմ Պավլիչը։

Երիտասարդը նստեց։

— Գիտե՞ս ի՛նչ բանի համար կանչեցի քեզ, Միշա,— ասաց Արտեմ Պավլիչը մի այնպիսի լեզվով, որ իշխանը հասկանար։— Կնյազը իմ հինուցվա բարեկամս է, շատ օրինավոր մարդ է, աստված է վկա, դրա ողորմածհոգի հայրը ավելի լավ մարդ էր — աստված իր հոգին լուսավորե — Կախեթումը առաջին օջախն է դրա հոր տունը։

Երիտասարդը անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանան հոր այդպիսի շողոքորթող գովասանքները։

— Կնյազը,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— աստված իրան երկար կյանք տա— ինքն էլ շատ մեծ մարդ է Կախեթումը։ Բայց ջեր ջեհիլ է (է՜հ մենք էլ ենք ջեհիլ էլել...) անցյալ գիշեր կլուբումը մի քանի հազար տանել է տվել. (վնաս չունի, ջեհելություն է, մենք էլ ենք էդպեսի բաներ շատ արել..․)։ Հիմի փող է հարկավորել իրան, եկել է, ասում է, Արտեմ Պավլիչ, քեզանից ավել բարեկամ չունիմ, այդ իմ նեղության ժամանակին դու ինձ պիտի օգնես, մի քանի հազար մանեթ ինձ փող պիտի տաս։ Ասում եմ, Միշիս արևը գիտենա, փող չունիմ. չէ հավատում, ասում է, Արտեմ