Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրելու և կարդալու համար, պահարաններ լի սրբազան գրքերով, պատերը զարդարված սուրբ հարց պատկերներով, որոնք գործել են եկեղեցու և հայրենիքի համար, մի խոսքով, ես սպասում էի տեսնել խաղաղ և վայելուչ կյանքը կրոնավորի, որ, հեռացած աշխարհի աղմուկից, իր լռին առանձնության մեջ ևս իրան շրջապատում է այն առարկաներով, որ զարթեցնում են նրա մեջ սուրբ, հոգևոր զգացմունքներ, որ զարգացնում են նրա միտքը երկնային վսեմ գաղափարներով, որ ազնվացնում են նրա սիրտը մարդասիրական բարձր առաքինություններով: Դրանց փոխարեն ի՞նչ էի տեսնում. մերկ, մռայլ խղիկներ, զուրկ օդից և լույսից, ողորմելի օթևաններ, բոլորովին զուրկ կարասիներից: Երևում էր, որ թուղթը, գրիչը, գիրքը երբեք այդ կացարաններում մուտք չէին գործել:

Մեզ համար պատրաստած խուցի մեջ պատուհանում դրած էր միայն մի ցեցակեր փոշեթաղ սաղմոս, փայտյա կազմով, որ պատած էր սև կաշիով: Ո՞վ գիտե, որ ժամանակի տպագրության գործ էր այդ գիրքը: Դա էր միակ առարկան, որ իր վրա ուշադրություն էր դարձնում: Ոչ մի պահարան չկար, երևի նրա համար, որ սեփականությունից զուրկ աբեղաները չմոլորվեին սատանայից, իրանց համար պահեստի տեղեր ունենալով:

– Այն տեսակ կրոնավորներ, – ասաց Ասլանը, – որ անապատների առանձնության մեջ զբաղվեին մտավոր կյանքով, ուսումնասիրեին կրոնի վարդապետությունը, պարապեին գրավոր աշխատություններով, այդ տեսակ կրոնավորներ, մեր պատմության ամբողջ ընթացքում, միշտ բացառություններ են կազմել: Եվ ցավալին այն է, որ դրանք ըստ մեծի մասին հալածվել են իրանց դասակիցներից, համարվելով իրանց ուխտին անհարազատ անդամներ: Ահա որպես է բողոքում հինգերորդ դարու ամենալավ աբեղաներից մեկը, Եզնիկը, իր ժամանակի կրոնական ուղղության դեմ: «Մեր բերանները հոտել են պաս պահելուց, և մեր լեզուները բթացել են սաղմոսներ երգելուց, իսկ այն, որ պահանջում է մեզանից աստված, սեր և խոնարհություն, այն մենք չունենք. միայն մեր շրթունքներով ենք սիրում աստծուն, և այդ աշխատանքը իզուր է: Անասունների միս չեն ուտում (աբեղաները), բայց իրանց եղբորը անհագ կերպով կեղեքում են, գինի չեն խմում, բայց իրանց հոգին արյունով շաղախում են, ամուսնացածներին ատում են, բայց իրանք իրանց պիղծ խորհուրդներով միշտ պոռնկություն են գործում. հագուստների վատն են հագնում,