Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց ծուլության և դանդաղկոտության պատճառը պետք էր որոնել բոլորովին այլ հակումների մեջ։ Ես նրանց անշարժ դեմքերի վրա կարդում էի այդ հակումներր, թե «ինչո՞ւ մարդ պետք է կարոտ լիներ ուտելու, միթե ավելի լավ չէ՞ր, որ նա ազատ լիներ այդ հոգսից, որ ավելի ժամանակ ունենար անձնատուր լինելու աղոթքների և աստուծո փառաբանությանը»։ Եվ իրավ, նրանք ուտում էին օրը մի անգամ միայն, այն ևս պահոց կերակուրներ, իսկ տոն օրերում ուտյաց կերակուրներ, բայց միս—երբեք։

Մեզ հետո ասացին, որ սեղանատան մեջ մեր այնօր տեսածը՝ ամբողջ միաբանությունը չէր։ Նրանցից շատերը չէին եկել ճաշելու․ ոմանք գալիս են սեղանատուն ճաշելու երկու օրր մի անգամ, ոմանք երեք օրը մի անգամ, ոմանք շաբաթը մի անգամ, ոմանք ամենևին չեն գալիս և իրանց բացակա ճգնարաններում կերակրվում են միայն բույսերով: Այդ հալող, մաշող ծոմապահությունն էր պատճառը, որ այդ թշվառ հասարակության մեջ ես չէի տեսնում ոչ մի առողջ մարգ, բոլորը հիվանդոտ, նիհար, ցամաքած․ գունաթափ էակներ էին։ Նրանց մեջ չկար ոչ կաթոլիկ աբեղայի հաստ փորը և ոչ նրա պարատ երեսի անբնական կարմրությունը։

Սեղանատան մեջ ուրիշ ձայն չէր լսվում, բացի աբեղաներից մեկի ընթերցանության ձայնը, որ վերևում, պատի վրա շինված վանդակապատի մեջ բարձրացած, նստել էր և, ճաշի բոլոր տևողության ժամանակ, կարդում էր սուրբերի վարքից զանազան պատմություններ։ Բոլորի ուշադրությունը դարձրած էր դեպի այն կողմը։ Բայց ես չէի լսում, որովհետև գրաբար ընթերցանությունից ոչինչ չէի հասկանում։ Իմ ուշադրությունը գրավել էին սեղանի պղնձյա անոթները։ Դրանք միատեսակ և միաձև չէին, մեկը մեծ էր, մեկը փոքր էր, և բոլորի վրա կային հայոց տառերով արձանագրություններ։ Երևում էր, որ ժամանակների ընթացքում, այդ անոթները զանազան երկրներից ուխտավորները բերել էին իրանց հետ և, իբրև հիշատակ, իրանց մեղքերի թողության համար ընծայել էին վանքին։ Յուրաքանչյուրի վրա քանդակած էին նվիրողի, նրա ծնողաց, նրա որդիների անունները։ Նրանցից մի քանիսը շատ գեղեցիկ էին և մի քանի դարերի հնություն ունեին։

— Այդ զանազան երկրների հին արհեստի արդյունքը, — ասաց ինձ հետո Ասլանը, — կարող է մի լավ թանգարանի զարդը լինել։

Բոլորի զգեստը միաձև էր և միագույն և պատրաստված էր միևնույն նյութերից։ Մի թել անգամ բամբակից կամ մետաքսից