Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուրաքանչյուրի գլուխը զարդարած էր մի-մի պատկերով, որի միտքը առնված էր նույն գլխի բովանդակությունից։ Կազմը ամբողջապես արծաթից էր, թանկագին ակներով և հիանալի քանդակներով զարդարած։ Մենք խորին ջերմեռանդությամբ մոտեցանք և համբուրեցինք սուրբ գիրքը։

Ինձ ամենևին հաճելի չթվեց այն խոսքը, որ ժամատնից դուրս գալու միջոցին Ասլանը ասաց ինձ.

— Իբրև հայոց գրչության և արհեստի մի գեղեցիկ օրինակ, այդ դիրքը անգնահատելի է։

Մի՞թե այդպես կարելի է վերաբերվել դեպի մի սրբություն, մտածում էի ես։ Նա դատում էր գրքի մասին միայն արհեստի կետից։

Երբ դուրս եկանք ժամատան բակը, վանահայրը հրավիրեց մեզ իր խուցը։ Ասլանը գնաց, բայց ես չգնացի։

Այդ միջոցին պատահեց Բերզեն-Օղլին, որ ինձ տարավ և բավական ման ածեց կղզու մեջ։

Ճաշից հետո փոթորիկը համարյա թե դադարել էր. կատաղի ծովը ավելի հանդարտ էր, կուտակված ամպերը ցրիվ էին եկած և արեգակը դարձյալ լուսավորում էր իր պայծառ ճառագայթներով։ Ես և նավաստին երկար շրջում էինք ապառաժոտ կղզու վրա, և նա ինձ ցույց էր տալիս այս և այն տեղերը, որոնց հետ կապված էին ամբողջ ավանդություններ։ Կղզին բոլորովին մերկ էր և ցամաք. բացի դեղին և նարնջագույն անթառամ ծաղիկներից և անտերև ավելուկներից, մի այլ դալար բույս չէինք տեսնում։ Նրա բնակիչները հոգ չէին տարել մի քանի ծառեր անգամ տնկել այստեղ։ Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև ջրի աղբյուրներ կային։ Գոնե իրանց համար հոգ տանեին ճգնավորները, չէ՞ որ նրանցից շատերը կերակրվում էին միայն բույսերով, իսկ այդ անապատը բոլորովին զուրկ էր բուսականությունից։

Ոչ ոք չէր երևում։ Կարծես թռչուններն անգամ փախել էին այստեղից։ Միայն հեռվից նշմարեցինք մի կիսամերկ անձնավորություն, խառնված մորուքով և գլխի մազերով։ Նա երկչոտ կերպով նայեց մեզ վրա, հետո երկու ձեռքով աչքերը պինդ բռնելով, սկսեց փախչել, և շուտով անհայտացավ ժայռերի մեջ։

— Ո՞վ էր նա,— հարցրի նավաստիից։

— Ճգնավոր էր,— պատասխանեց նա մի առանձին ջերմեռանդությամբ։