Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ախորժակ չունեի մի բան ուտելու: Ճանապարհի հոգնածությունից սաստիկ ջարդված էի: Հանգիստ և երկարատև քունը միայն կարող էր փոքր ի շատե կազդուրել ինձ: Բայց Ասլանի հոգը չէր. այդ երկաթի մարդը չգիտեր, թե ինչ է հանգստությունը: Նա անհամբերությամբ սպասում էր վարպետին: Շատ չանցավ, վերադարձավ նա և, տարած զենքը իր տեղը դնելով, մի քանի անգամ անցուդարձ արեց սենյակի մեջ, ինքն իրան կրկնելով.

— Անտանելի՜ է... անտանելի՜ է... մինչև ե՞րբ... համբերություններս հատավ…

— Ի՞նչպես վերջացավ ձեր արշավանքը,— հարցրեց Ասլանը ժպտելով:

— Մինչև իմ հասնելը` ամեն ինչ վերջացած էր, քրդերը իրանց գործը կատարել էին...— պատասխանեց նա` լեղակի կարասների մեջ կապույտ գույն ստացած ձեռքերը տրորելով և միևնույն խոսքերը կրկնելով:— Համբերություններս հատավ... էլ համբերություն չմնաց.. մինչև ե՞րբ...

Ասլանի մեղմ ժպիտը ծիծաղի փոխվեցավ:

— «Համբերությունը կյանք է», այդ խրատը ավանդեցին մեզ մեր պապերը,— ասաց նա, հեգնական կերպով նայելով վարպետի վրա:

– Այո՛, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի,— պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել:— Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է, և ավելի ոչինչ:

Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց:

— Պատմեցեք, բանը ինչումն է,— հարցրեց նա:

— Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է,— պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ:

— Այգիներից միրգ էին գողանում: Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրանց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները: Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը: Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրանց կոտրած