Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ինչ գործով Վան քաղաքը գալը, հետո լցրեց մի ֆինկան օղի և դրեց իմ առջև։

— Ես օղի խմելու սովորություն չունեմ,— ասեցի նրան։

— Ձեզ համար գինի կպատվիրեմ ,— ասաց նա, հրամայեց սպասավորին մի շիշ գինի բերել:

Հետո ծանոթացրեց ինձ իր երկու խոսակիցների հետ։ Երևաց, որ այդ աղքատ երիտասարդները, իրանց նման` նյութապես աղքատ, բայց բարոյապես հարուստ մի ընկերության գործակատարներ էին, որ ուղարկված էին Խարբերդի, Սգերգի և Դերսիմի կողմերը, տեղային քրդախոս հայերի մեջ մայրենի լեզու տարածելու և հայոց տառերով գրել-կարդալ սովորեցնելու։ Ընկերությունը կազմված էր Կ. Պոլսում և միմիայն գրագիտություն տարածելու նպատակ ուներ։ Չնայելով այդ համեստ և անմեղ նպատակին, ընկերության գործակատարները տեղային բողոքական քարոզիչներից ամբաստանվում են, և կառավարության կողմից հալածվում են, իբրև ժողովրդի մեջ վնասակար մտքեր տարածող խռովարարներ։ Թողնելու իրանց գործունեության տեղը, նրանք եկել էին Վան, և այստեղից U. Պոլիս վերադառնալու նպատակ ունեին, առանց գրպանում մի փարա անգամ ստակ ունենալու:

— Նայեցե՛ք այդ մարդուն, — շարունակեց երկու երիտասարդներից մեկը ընդհատված խոսակցությունը, ձեռքը մեկնելով դեպի Ավետարանի լույսը ծավալող օտարազգի քարոզչի գործակատարը, որ Աստվածաշունչը առջևը դրած, դեռ զբազված էր կրոնական վիճաբանություններով։— Ես հավաստի եմ, որ այդ անպիտանը ոչինչ զարգացում, ոչինչ կրթություն չունի, և իբրև մարդ անգամ, Նա այնքան ստոր գնահատել գիտե իր աշխատանքր, որ ամսական հարյուր ղուրուշի (6 ռուբլի) վարձկան է։ Այդ չնչին փողի համար նա ամեն օր կմտնե սրճատները, կմտնե սափրիչների խանութները, կմտնե բաղնիքների նախագավիթները, մի խոսքով ամեն տեղ, որտեղ մարդիկ ավելի գործ չունեն, և կսկսե նրանց հետ վիճել։ Նա սեփական համոզմունք և հավատ չունի. նա մի տեսակ փաստաբան է, որ պաշտպանում է այն գործը, որի համար նրան վճարում են։ Ազգային իդեալ, ազգային պատմություն, հայրենիք, ժողովրդի դժբախտ դրություն,— այդ բները նրա համար չկան, և նրան չեն հետաքրքրում: Նա գիտե միայն, որ պաս պահելը, տերտերին խոստովանվելը, պատկերներին երկրպագություն տալը` չի փրկի մարդու հոգին մեղքերից և կսկսե դրանց և այսպիսի եկեղեցական կանոնների դեմ վիճել։ Անցիր ամբողջ Փոքր Ասիա,