Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գագաթի վրա, միևնույն նվիրական այրերի մեջ, որտեղ մի ժամանակ պատսպարված էր Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, իսկ այժմ լուսաճաճանչ պայծառությամբ դուրս էր գալիս իր հանգստարանից՝ լուսավորելու հայոց աշխարհը։ Նույն այրերի մեջ ճգնում էր երանելի կույսը, նույն այրերից դուրս եկավ և նա և, որպես մի պայծառ լույս, ուղևորվեցավ դեպի Արարատ, կատարելու այն մեծ բարոյական պատերազմը հայոց հեթանոս թագավորի և հեթանոսական խավարի հետ, որի արդյունքը եղավ քրիստոնեության մուտքը Հայաստանում։ Նույն այրերի մեջ թաքցրեց նա կենսատու փայտի ս. Նշանը, որ ամփոփված էր մի փոքրիկ խաչի մեջ և որը նրա կուրծքի ու պարանոցի աստվածային զարդն էր կազմում։ Ամբողջ չորս դար հրաշալի սուրբ նշանը մնաց այնտեղ անհայտության մեջ, մինչև Թոդիկ ճգնավորի մշտական աղոթքով հայտնվեցավ նա և, արեգակի լուսափայլ պայծառությամբ, Վարագա լեռնագագաթի բարձրությունից թռչելով, իջավ նրա լանջաց վրա, և որպես մի ժամանակ զարդարում էր Հռիփսիմեի կուրծքը, այնուհետև դարձավ Վարագա լեռան կրծքի երկնային զարդը։ Միևնույն տեղում հիմնվեցան տաճարներ, որ սուրբ նշանի անունով կոչվեցան Ս. Խաչ։— Այդ տաճարներն էին, որ բոլորը միասին ներկայացնում էին Վարագա վանքը, ուր այն առավոտ ես և Ասլանը գնում էինք։

Արևը բարձրացավ։ Նրա ճառագայթները հրեղեն շառավիղների նման տարածվեցան Վանա շրջակայքը, տարածվեցան ծովակի մանիշակագույն մակերևույթի վրա և լուսավորեցին առավոտյան մռայլի մեջ ծածկված հեռավոր լեռները։ Ինձ տիրում էր խորին հոգեզմայլություն։ Արևի ծագումը զարթեցնում էր իմ սրտում այդ նվիրական վայրերի և այդ սրբազան լեռների վաղեմի հիշատակները։ Կարծես դարերը ետ-ետ էին գնում, և հին ավանդությունը կենդանանում էր, կերպարանք էր ստանում իմ աչքի առջև։ Կարծես կրկին երևում էր ինձ Թոդիկ ճգնավորի սքանչելի տեսիլքը։ Կենսատու ս. Նշանը թռչելով ցած է իջնում Վարագա լեռնագագաթի բարձրությունից, և նրանից ցոլանում են տասներկու լուսեղեն սյուներ, որոնք հանգչում են տասներկու տեղերի վրա։ Հրեղեն սյուները այնքան ժամանակ մնում են այնպես կանգնած, մինչև երկրի իշխանները և ժողովուրդը տեսնում են նրանց։ Հետո բարեպաշտ ժողովուրդը, միացած իր իշխանների հետ, կառուցանում են տասներկու տաճարներ միևնույն տեղերի վրա, ուր իջել էին լուսեղեն սյուները։ Նրանցից երկուսը իջել էին այն տեղում,