Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք այժմ բարձրանում էինք Վարագա լեռան զառիվերը: Մինչև մի որոշ գիծ՝ այդ սարը կանաչազարդ էր. տեղ-տեղ երևում են թուփեր ու պուրակներ, տեղ-տեղ պատած է խոտավետ մարգերով, շատ տեղերում ևս լեռան կողքերը ծածկված են հասունացած գարիի կամ ցորյանի ոսկեգույն արտերով: Հնձվորը գործում է, մանգաղը փայլում է, և աշխատասեր մշակի թախծալի երգը հնչեցնում է հսկա լեռան սրբազան վայրերը:

Արևը սկսել է այրել, չնայելով, որ դեռ առավոտ է: Հովիվը իր թաղիքյա վերարկուն (քափանակ) ձգելով ցուպի գլխին, նրան ամպահովանիի ձև է տվել և արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար նստել է նրա ստվերի ներքո: Նրա շուրջը, սփռված խոտավետ արոտամարգերի մեջ, արածում են ոչխարները, մի ժայռից դեպի մյուսը թռչկոտում են այծերը, իսկ աչալուրջ շները հեռվից հսկում են այդ միամիտ անասունների անհոգ զվարճությունների վրա, որ կարող է մի ակնթարթում սուգի փոխվել...

Կանաչազարդ գծից դեպի վեր, մինչև գագաթը, Վարագա լեռը մերկ է և բաղկացած է անմատչելի, թխագույն-կարմիր ժայռերից: Այդ բարձրությունների վրա խիստ հազիվ անգամ դիպել է մարդու ոտքը: Երբեմն սրաթռիչ կաքավները միայն խմբովին թռչում են մի ապառաժից դեպի մյուսը, կամ սևափետուր արծիվը, որպես մի սգավոր և սևազգեստ ոգի, միայնակ նստած Գալիլիայի ժայռերից մեկի վրա, վերևից տխրությամբ նայում է դեպի ցած, դեպի Արծրունիների ավերակ պալատների բեկորները, այն Արծրունիների, որոնք այնքան շատ դարեր խնամել ու փայփայել էին նրան...

Վարագա լեռը Վանա հովտի շտեմարանն է. այստեղից են վազում ջրերի այն բազմաթիվ վտակները, որոնք ոռոգում են Այգեստանի ընդարձակ այգիները և ջուր են մատակարարում շատ գյուղերի, որոնք սփռված են լեռան ստորոտներում:

Վանքին դեռ ոչ բոլորովին մոտեցած, ճանապարհի մի կողմում տեսանք մի խումբ մարդիկ: Այստեղ, որպես երևում էր, երկրագործական մի նոր փորձ էին անում, վարում էին մի գութան, որը թե՛ իր ձևով և թե՛ տեսակով ամենևին նման չէր տեղական ծանր, անշարժ գութաններին: Գութանի մաճը բռնած` կառավարում էր մի բարձրահասակ անձնավորություն, որի հագուստից երևում էր, որ աշխարհական չէ: Նա ցույց էր տալիս վանքի անփորձ մաճկալներին նորաձև գութանի բանեցնելու եղանակը: Մյուսները հետաքրքրությամբ նայում էին: Մենք, երկրի սովորության համեմատ,