Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպարանքով, որպես երևաց ինձ «Կաթնաղբյուրի» ձորում։ Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա իմ մոտից և իբրև մի խաբուսիկ ուրվական, անհայտացավ ժայռերի մեջ։ Կարծես և այժմ լսում էի նրա այն տխուր, անապատական երգը, որ դուրս կոչեց պառավ կախարդին փոքրիկ Հյութթիի հետ տերևախիտ թուփերի միջից։ Երբեմն տեսնում էի նրան վանեցի մանրավաճառի հագուստով, եզիդիների իշխանի վրանում։ Գեղեցիկ Թութին, վրանի վարագույրի ետևից, սիրաբորբոք աչքերով նայում էր նրա վրա, առանց հասկանալու, որ այդ անգութ, խստաբարո երիտասարդի սրտում կնոջ սիրո համար տեղ չէր մնացել։ Երբեմն տեսնում էի նրան «Գժի» տանը, կարծես և այդ րոպեում, ներկայանում էր ինձ այն զայրացած դեմքը, թե որպիսի խորին վրդովմունքով լսում էր նա բարեսիրտ քահանայի տխուր պատմությունները՝ հոգևոր առաջնորդի անկարգությունների մասին։ Իսկ այժմ տեսնում էի նրան մի օտարոտի արհեստավորի տանը։ Այստեղ նա բժիշկ էր, եվրոպական բարձր ուսում ստացած բժիշկ և ինձ հրամայել էր թաքցնել իր հայությունը։ Ինչո՞ւ էր նա փախչում հայ անունից, ինչո՞ւ էր նա այդպես տեղերի և հանգամանքների համեմատ անդադար կերպարանափոխ լինում։— Ահա այդ գաղտնիքը երկար զբաղեցնում էր իմ միտքը, և ես մի որոշ եզրակացության հասնել չէի կարողանում։

Մի բան, որ ավելի պարզ կերպով նկատում էի, սկսյալ այն օրից, որ ճանապարհորդում էի Ասլանի հետ՝ այն էր, որ նրա խորհրդավոր տեսակցությունները, ամեն տեղ և ամեն դեպքում, այնպիսի անձինքների հետ էին լինում, որոնք բողոքում էին երկրի ընդհանուր անկարգության դեմ։ Եվ այդ տարբեր, զանազան ցեղերին պատկանող անձինքների մեջ, կարծես թե տարածված էր մի գաղտնի թել, որ կապում էր բոլորի սրտերը, բոլորի կամքերը միմյանց հետ։ Բայց ո՞ւմ ձեռքումն էր գտնվում այդ թելի ծայրը, ո՞վ էր դարձնում բոլորի կամքերը դեպի մի որոշ նպատակ, այդ գաղտնիքը և մինչև այսօր մնաց ինձ համար անհայտ։ Կարոն, Ասլանը, Որսորդը և նրանց բոլոր համախոհները մի-մի գործիքներ էին, որ բաղկացնում էին մի բավականին բաղադրյալ մեքենայի կազմվածքը։ Բայց այն ի՞նչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս։ Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց