Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բազմատեսակ մոլություններ։ Նախնական բարք ու վարքի սրբությունը կորավ, և մարդիկ ընկան ապականության մեջ։ Ժողովուրդը այժմ կարոտ է բարոյական մաքրության։ Դա, իհարկե, գլխավորապես կրոնի և հոգևոր կրթության գործը պետք է լինի։ Ճշմարիտ կրոնը և նպատակահարմար հոգևոր դաստիարակությունը թե՛ եկեղեցու, թե՛ դպրոցի և թե՛ ընտանիքի մեջ կարող է այդ նպատակին հասցնել, կարող է մեր մանուկներին բարոյական ուղղություն տալ։

Վանքի բոլոր ուշադրության արժանի հիմնարկությունները ցույց տալուց հետո, Հայրիկը մեզ տարավ իր սենյակը։ Այստեղ պատրաստված գտանք մի պարզ նախաճաշիկ։ Սեղանի վրա նա դեռ շարունակում էր խոսել վանական կրթության մասին։

— Շատերը,— ասում էր նա,— հակառակ են վանական կրթության, և կարծում են, թե վանքի խուլ և առանձնական կամարների տակ, հին նահատակների ու ճգնավորների պատկերների ազդեցության ներքո, չեն կարող պատրաստվել աշխարհի համար պիտանի մարդիկ։ Այդ կարծիքը կարելի էր իրավացի համարել, եթե հայոց վանքը լիներ այնպիսի մի հիմնարկությամբ, որպես առհասարակ լինում են վանքերը։— Եվ նա բացատրում էր հայոց վանքի նշանակությունը թե՛ անցյալում և թե՛ ներկայում, ցույց էր տալիս, որ նա երբեք անջատված չէ եղել ժողովրդից, երբեք չէ ունեցել իր առանձին շահերը, այլ նրա շահերը միշտ կապված են եղել ժողովրդի շահերի հետ։ Թեպետ եղել են բացառություններ, որ հիմնվել են կղերական ուղղությամբ վանքեր, բայց դրանք, խորթ և օտար լինելով հայոց Ժողովրդի հատկություններին, չեն կարողացել պահպանել իրանց գոյությունը։

— Ինչո՞ւ օգուտ չքաղել վանքերից,— ասում էր նա,— մեր հայրերը թափեցին այնտեղ իրանց արծաթը, նվիրեցին նրանց ընդարձակ անշարժ կալվածքներ, և այդ հարստությունների մեծ մասը դեռ մնացել է։ Առաջ նրանց արդյունքը ծախսվում էին ուրիշ բարեգործական նպատակների համար, իսկ այժմ կծախսենք մեր ժողովրդի զավակների կրթության համար։ Ժողովրդից ստացածը կրկին կվերադարձնենք ժողովրդին։

— Դուք կարծում եք, Հայրիկ, միայն կրթությունը բավակա՞ն կլինի,— Հարցրեց Ասլանը։

— Բավական չի լինի,— պատասխանեց Հայրիկը։— Ժողովրդի զավակներին ուսում տալով և նրանց միջոցներ չտալով իրանց համար ապրուստ գտնելու, մենք միայն կպատրաստենք ուսումնական թշվառներ։ Աղքատությունը այդ ժամանակ ավելի