Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակության հուզմունքը, ինքը ավելի բորբոքեց, և դպրոցը երեք տարի գոյություն ունենալուց հետո փակվեցավ։ Այդ անցքը խիստ դառն կերպով ազդեց տեր հոր սրտին, երբ իր գործունեության հենց առաջին քայլում հանդիպեց այդ տեսակ անհաջողության։ Բայց նա համբերող և երկայնամիտ մարդ էր, նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ։

Գիշեր էր, երբ մենք հասանք Այգեստան։ Տեր հայրը հրավիրեց մեզ իր տունը ընթրիք ուտելու։ Ասլանը, որ սովորություն չուներ այդ տեսակ հրավերքներ ընդունելու, սիրով հանձն առեց նրա առաջարկությունը։ Ընթրիքն անցավ բավականին զվարճալի կերպով. տեր հայրը պատմում էր զանազան արկածներ իր ճանապարհորդություններից, պատմում էր, թե ինչ էր տեսել և ինչ էր արել զանազան երկրներում, խոսում էր հայրիկի մասին, նրա աշխատությունների մասին, խոսում էր տեղային քահանաների տգիտության մասին, և նրա խոսակցությունները այնքան հետաքրքիր էին, որ բոլորը ես մեծ ուրախությամբ լսում էի։

— Դուք կարծում եք տիկինը կարո՞ղ է գալ,— հարցրեց Ասլանը քահանայից, ընթրիքի սեղանը հավաքվելուց հետո։

— Կարող է, և անպատճառ այս գիշեր այստեղ կլինի,— պատասխանեց քահանան վստահությամբ։

— Բավական դժվար կլինի նրա համար... ի՞նչպես կտրող է...— կրկնեց Ասլանը թերահավատությամբ։

— Նա իր բանը գիտե... նա այդ տեսակ գործերի համար բավական խելք ունի...— ասաց քահանան։

Ասլանը մեծ անհամբերությամբ սպասում էր մի տիկնոջ, այդ տիկինը տեր հոր քույրն էր։ Տեր հայրը իր հայրենիքից բացակա գտնված ժամանակ, նրա տանը պատահել էր երկու անփոխարինելի կորուստ, մայրը վախճանվել էր, իսկ միակ քույրը, անտեր մնալով, բռնությամբ հափշտակվել էր, և մի տաճկի ամուսին էր դարձել։ Այդ հափշտակությունը, որովհետև երկրի սովորական դեպքերից մեկն էր, անցել էր խիստ ներողամտությամբ հայ հասարակության կողմից, իսկ տեր հայրը, որ անչափ սիրում էր իր քրոջը, որպես երևում էր, չէր կարող մոռանալ այդ դժբախտությունը։ Մահմեդականությունը շատ պայմաններ ունի, ոչ միայն օտարազգիներին ամենայն դրությամբ որսալու, այլև նրանց թե կրոնապես և թե՛ ազգայնապես իր հետ միացնելու։ Այդ էր, որ ավելի ցավեցնում էր տեր հորը։ Մի հայ աղջիկ կամ տղա, կամավ, թե ակամա, երբ մահմեդականի հետ է ամուսնանում,