Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեզ համար այդքանն էլ բավական է, պարոն, որ նա մեծ պատիվ է վայելում, նրա պատիվը մեր պատիվն է, նրա փառքը մեր փառքն է։ Թող նա ոչինչ էլ չանե ժողովրդի համար, բայց մենք նրա անունով պարծենում ենք թուրքերի առջև։

— Ասում են, որ նա թուրքերին ավելի շատ է սիրում, քան թե հայերին։

— Այդպես էլ պետք է,— մեջ մտավ երեցփոխանը,— հարկավոր է, որ նրանց «խաթրն» էլ առնե, նրանց էլ հաճոյանա։

— Իսկ Հայրիկը ի՞նչ տեսակ մարդ է։

— Նա մի դերվիշ մարդ է,— պատասխանեց երիտասարդը,— նրանից ոչ ոք չէ վախենում։

— Իսկ առաջնորդից վախենո՞ւմ են։

— Իհարկե, վախենում են։

Երեցփոխանը «իհարկե» բառը շատ էր գործ ածում և նրա հետ աջ կողմի աչքը միշտ խորհրդավոր կերպով խփում էր խոսելու ժամանակ։ Ես պատասխանեցի.

— Առաջնորդից, այո՛, վախենում են, բայց Հայրիկին սիրում են։

— Ո՞վ է սիրում,— ասաց նա վրդովված ձայնով,— ցույց տվեցեք մի հայ էֆենդի, մի հայ բեկ, վերջապես, մի փոքր ի շատե նշանակություն ունեցող մարդ, որ նրան սիրելի լիներ։ Ժողովրդի գլխավորները դրանք են։ Նրան սիրում են գռեհիկ գյուղացիները կամ քաղաքի աղքատ-ուղքատ արհեստավորները, որոնց տները մտնում է և բոլորի քեֆը հարցնում է։ Նրան ի՞նչ կվայելե այդ տեսակ մարդկանց դուռը բաց անել։ Նա մի մեծ վանքի վանահայր է, պետք է իր հավասար մարդկանց հետ նիստ ու կաց անե։

— Հենց Հիսուս Քրիստոսն էլ մեզ նման աղքատ արհեստավորների դուռն էր բաց անում և իրան միշտ բեկերից, էֆենդիներից հեռու էր պահում,— պատասխանեց այնտեղ նստած արհեստավորը, որին, ինչպես երևում էր, զայրացրին երեցփոխանի վերջին խոսքերը։

— Բայց նրանից ո՛վ էր վախենում,— հարցրեց երեցփոխանը, ինքն ևս բարկանալով, և այս անգամ սխալմամբ ձախ կողմի աչքը խփելով։— Եթե նա մեծ մարդկանց հետ նիստ ու կաց աներ, նրանից էլ կվախենային։

Ես չկարողացա համբերել և կտրեցի նրա խոսքը.

— Այստեղ ի՞նչ վախենալու կամ չվախենալու հարկավորություն