Մեր մոտով անցնելու միջոցին նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և դիմելով երեցփոխանին՝ ասաց․
— «Այնտեղի» համար եմ պատրաստում․․․
— Շատ ապրես, Սիմոն պատվելի,— պատասխանեց երեցփոխանը։— Ձայնդ անսպառ լինի։
Պատվելին նշան տվեց, աշակերտները եղանակեցին․
Կա՜հ-կա՜հ կկանչե կաքավն վըր քարին.
Վա՜րդ-վա՜րդ կկանչե բլբուլն վըր թփին.
Կաքավի ձայնեն՝ եկավ վարուժանն,
Բուլբուլի ձայնեն՝ եկավ սիրականն։
Սիրե՜ է կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜ բլբուլիկ, քո վարդն անուշիկ։
— Ի՜նչ գեղեցիկ երգ է, ի՜նչպես լավ երգում են,— նկատեց երեցփոխանը։— Առաջնորդը շատ է սիրում այդ երգը։
Չգիտեմ ի՞նչ սիրելու բան կար այդ անկապ, անմիտ երգի մեջ, որը երգում էին չափազանց անախորժ և անճոռնի եղանակով,— այդ իհարկե, չբացատրեց ինձ երեցփոխանը,— բայց ինձ զարմացրեց նրա մի այլ նկատողությունը, երբ պատվելին հեռանալուց հետո ասաց.
— Իր կշեռքով ոսկի արժե այդ մարդը։ Այն օրից, որ ուսումնարան է բաց արել, մեր որդիքը շենք ու շնորհք են ստացել։ Առաջ կապելու գժեր էին, հիմա գառնուկի նման խեղճացել են, ձայն չեն հանում, կարծես բերաններում լեզու չկա։
— Ճշմարի՞տ եք ասում,— հարցրի ես։
— Սուտ ասելու ի՞նչ շահ ունեմ,— պատասխանեց նա վիրավորվածի նման։— Հենց որ երեխան տանը մի ծպտուն է հանում, բավական է, որ մայրն ասե՝ վարժապետիդ կհայտնեմ, նա իսկույն սկսում է դողալ և լեզուն քաշել։
Դարձյալ սարսափ, դարձյալ երկյուղ։ Ես մտաբերեցի իմ մորը և տեր Թոդիկի դպրոցը։— Փաշայից, առաջնորդից պետք է վախենան, որ նրանց հնազանդ լինեն, որ վատ գործ չգործեն։ Վարժապետից պետք է վախենան, որ բան սովորեն և իրանց լավ պահեն...
Մեր խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ։ Մեր մոտովն անցավ մի այլ խումբ։ Մի բավական լավ հագնված մարդու շրջապատել էին մի խումբ երիտասարդներ. աոջևից գնում էին սազ