Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսնվեցա և շատ բավական մնացի,— ասաց Ասլանը։— Նրա վանքը մի գեղեցիկ օրինակ պետք է համարել, որ եթե կղերը կմասնակցե ժողովրդի դաստիարակության գործին, ահա այղ ձևով պետք է մասնակցե։

— Այդ իմ փափագելի ցանկությունն է, պարոն բժշկապետ։ Իմ ջանքերը դեռ բոլորովին չեն սպառվել Վարագի վրա։ Ես աշխատում եմ և պիտի շարունակեմ աշխատել, եթե միջոցները ինձ թույլ տան, իմ վիճակի մեջ գտնված բոլոր վանքերին նույն ձևը տալ: Մեր վանքերը, ժամանակների դժբախտ հանգամանքներից, այժմ շատ և շատ թշվառ դրության մեջ են։ Իմ բոլոր ջանքը այն է՝ բարձրացնել նրանց իրանց անկյալ դրությունից։

Պետք է վերին աստիճանի ցած կեղծավորություն համարել, որ Հայրիկի, և նրա վանքի ամենամեծ թշնամին այդպես էր խոսում։ Նա, որ ամեն գաղտնի և հայտնի միջոցներ գործ էր դնում ոչնչացնելու Վարագա բոլոր հիմնարկությունները,— այժմ նրա փառքը և նախաձեռնությունը իրան էր վերաբերում։ Բայց սրբազանը այդ մասին կարճ կտրեց, խոսքը փոխելով.

— Ես ձեզանով և ձեր ճանապարհորդության արկածներով այնքան գրավվեցա, որ բոլորովին մոռացա իմ հյուրերին ծանոթացնել ձեզ։— Ահա՝ դա,— նա ցույց տվեց այնտեղ նստած քուրդ բեկին,— բրդերի մի մեծ և քաջ ցեղի գլխավորն է, Շարիֆ-բեկը։

— Շատ ուրախ եմ ծանոթանալ,— ասաց Ասլանը ձեռքը մեկնելով քուրդ բեկին։

— Ամենապատվական մարդ է և իմ ամենալավ բարեկամը,— առաջ տարավ առաջնորդը։— Դրա շնորհիվ մեր և Պարսկաստանի սահմանագլուխները կատարյալ ապահովություն և հանգստություն են վայելում։ Տեղային քրիստոնյա բնակիչների բարեխնամ պաշտպանն է և հովանավորողը։

Ես իսկույն ճանաչեցի քուրդ բեկին, երևի Ասլանը ինձանից առաջ ճանաչել էր։ Դա նույն անձնավորությունն էր, որին տեսանք սուրբ Տիրամոր վանքում, որտեղ եկել էր նա ուխտավորներից գոյացած արդյունքը բաժանելու Կարապետ հայր սուրբի հետ։ Դա նույն անձնավորությունն էր, որի՝ Ասլանի մասին գրած մատնության նամակը անցյալ գիշեր կարդացինք տեր Եղիշեի տանը։ Այժմ, ինչպես երևում էր, անձամբ եկել էր խորհրդակցել փաշայի հետ, կամ, գուցե այդ նպատակով կանչված էր նրանից։

— Դա մեր քաղաքի ոստիկանության պետն է, Լաթիֆ-բեկը,—