Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխանն է։ Մեծ ծառայություններ է արել եկեղեցուն, շատ ապրի, չափազանց բարեպաշտ և ազգասեր մի անձն է։

Ասլանը մինչև անգամ չնայեց նրա վրա. ես երեսս մի կողմ շուռ տվի, որ ծիծաղս չտեսնեն։ Գիտե՞ք ով էր այդ «հարուստ», «չափազանց բարեպաշտ և ազգասեր վաճառականը»։ Դա միևնույն խաբեբան էր, որ Այգեստանում հայտնվեցավ մեզ մոտ, վարպետ Փանոսի տանը, և իբրև թանկագին հնություններ, կեղծ դրամներ վաճառեց Ասլանին։ Այն ժամանակ նա, մի հրեա մանրավաճառի նման, հագած ուներ հին ցնցոտիներ, որ կարեկցություն գրավե դեպի իր ողորմելի վիճակը։ Իսկ այժմ, չնայելով որ ամառն էր, հագած ուներ մի թանկագին մուշտակ աղվեսի ոսկեգույն մորթիից, և մեջքին փաթաթած ուներ թանձր գոտի պարսկական շալից։ Ասլանը նրան չամաչացնելու համար այնպես ձևացրեց, իբր թե չէ ճանաչում նրան: Եվ իրավ, այժմ հազիվ կարելի էր ճանաչել նրան, գլխին դրած ուներ ֆես, որի վրա փաթաթել էր յազմա կոչված թաշկինակ․ կնճիռներով պատած երեսը խնամքով ածիլած էր, իսկ քիթը, ուղտի համետի ձև ուներ, ինձ երևում էր այժմ ավելի երկարացած և բոլորովին ծածկել էր վերին շրթունքը։ Առաջնորդի՝ նրա մասին շռայլած գովասանքների այն մասը միայն ճշմարիտ էր, որ, իրավ, նա շատ հարուստ մարդ էր և փաշայի սեղանավորն էր։ Հարկավորված ժամանակ փաշային ծանր տոկոսներով փող էր տալիս, իսկ փոխարենը ընդունում էր գյուղերից ստացվելիք տուրքը։ Իսկ ինքը ո՛րքան և ի՛նչպես էր ստանում գյուղացիներից,— այդ կախված էր իր խղճից, եթե կար նրա մեջ խիղճ։

Երրորդ անձը, որին ծանոթացրեց սրբազանը, մի կծկված ծերունի էր, փոքրիկ սապատը դուրս էր ցցվել մեջքի վրա։ Նա ևս մի քանի անգամ Երուսաղեմ էր գնացել, նա ևս չափազանց «բարեպաշտ և ազգասեր» մարդ էր։ Նրան կոչում էին մահտեսի Հարո։ Եթե ես եզվիտ տեսած չլինեի, բավական էր այդ մարդու դեմքը հետազոտել, նրա խոսակցությունը լսել և եզվիտի մասին կատարյալ գաղափար կազմել։ Նա քաղաքի գլխավոր ոսկերիչն էր և գոհարավաճառը։ Փաշայի կանանոցի զարդերը նա էր մատակարարում և նրա դռան հետ սերտ հարաբերություն ուներ։ Չգիաեմ ինչու՞ սրբազանը մոռացավ նրա մասին «չափազանց բարեպաշտ և ազգասեր» ածականները և միայն ասաց, թե շատ «երևելի» մարդ է։ Այդ ինձ չէր զարմացնում, որովհետև գոհարավաճառ և ոսկերիչ հայերը շատ անգամ սուլթանների և շահերի արքունիքում երևելի են դարձել, ստեպ գործ ունենալով ազդեցություն ունեցող ներքինիների և կանանոցի հետ։