— Դրանք երեքն էլ քաղաքիս դատաստանական մեջլիսում բազմոց ունեն,— վերջացրեց սրբազանը։
Սրբազանի վերջացնելուց հետո, փաշան սկսեց զբաղեցնել Ասլանին։ Նա զանազան սրախոսություններով անդադար դառնում էր դեպի Ասլանը, հանաքներ էր անում, ծիծաղում էր, թեև նրա սրախոսությունների մեջ ծիծաղելու ոչինչ չկար։
— Ես հույս ունեմ, որ մեր քաղաքի հնությունները բավական գրաված պետք է լինեն ձեզ, պարոն բժշկապետ,— հարցրեց նա։
— Հնությունները, այո՛, գրավեցին,— պատասխանեց Ասլանը,— բայց ինչ որ նոր է այստեղ, շատ տխուր տպավորություն է գործում։
Փաշան կամ չհասկացավ Ասլանի ակնարկությունը, կամ զանցառության տվեց։ Նրա փոխարեն պատասխանեց սրբազանը.
— Եթե դուք տեսնեիք մեր քաղաքը տասն տարի առաջ, պարոն բժշկապետ, նա բոլորովին ավերակ էր։ Այժմ բավական շենք ու շնորհք է ստացել։ Բնակիչները կատարյալ հանգստություն են վայելում, ավերակները հետզհետե նորոգվում են։ Այդ ամենով մենք պարտական ենք մեր վսեմաշուք փաշային, որի կառավարությունը բերեց իր հետ բարօրություն և կյանք։
— Բոլորովին ճշմարիտ է, աստված երկար կյանք տա մեր վսեմաշուք փաշա էֆենդիին,— ասացին երեք հայ երևելիները միաձայն։
— Ինձ շատ հաճելի է լսել այդ բոլորը,— պատասխանեց Ասլանը,— անշուշտ վսեմաշուք էֆենդին իմ ուղևորության հիշատակարանի մեջ իր արժանավոր տեղը կբռնե։
Ի՞նչպես պետք էր հասկանալ այդ «արժանավորը», փաշան, իհարկե, դեպի լավը բացատրելով, մի առանձին քնքշությամբ, որ բնավ չէր պատշաճում նրա խիստ դեմքին, սեղմեց Ասլանի ձեռքը, ասելով.
— Շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, ձեր բարի ուշադրության համար։ Հարկավ, ձեր ուղևորության հիշատակարանը մի օր տպագրությամբ լույս կտեսնի։
— Անպատճառ, գուցե մի քանի լեզուներով ևս կթարգմանվի։ Երեք հայ երևելիներից մեկը, մահտեսի Հարոն, որ ավելի մոտ էր նստած Ասլանին, կռացավ դեպի նրա ականջը, իբր թե մի ծածուկ բան է ասում, բայց այնքան լսելի ձայնով խոսեց, որ ամենքը իմացան։