— Անկարգություններ, այսուամենայնիվ, պատահում են։ Իմ անցնելու միջոցին, Պարսկաստանի սահմանագծի վրա, սարսափելի բարբարոսություններ էին կատարվել, Քրդերի ջալալի կոչված ցեղը անցել էր սահմանը և պարսից հողի վրա այրել էր տասնից ավելի հայոց գյուղորայք։ Նրանց անասունները ավարի էին առնված, հովիվներին կոտորել էին։ Այդ ավազակությունները այն աստիճան երկյուղ էին տարածել շրջակայքում, որ քարավանների երթևեկությունը բոլորովին դադարած էր. հունձերը մնացել էին անխնամ, երկրագործները չէին համարձակվում դաշտ դուրս գալ։
Անցքը ճշմարիտ էր, հենց այդպես պատահել էր։ Բայց Ասլանը, չգիտեմ ինչու՞ հիշեցրեց այդ, որ փոքր-ինչ անքաղաքավարի երևաց։ Որովհետև այնտեղ ներկա գտնվող քուրդ Շարիֆ-բեկը ջալալիների ցեղապետն էր, որոնք գործել էին հիշյալ անկարգությունները։ Ասլանը այնպես ձևացրեց, որ իբր թե չգիտե, և, երևի, նրան ավելի խոր խոցելու համար, ավելացրեց.
— Ես այդ բոլոր տեղեկությունները հավաքել եմ, անպատճառ պետք է հաղորդեմ ուր որ հարկն է։
Վերջին խոսքերը ես բոլորովին անքաղաքագիտական համարեցի. ի՞նչ հարկ կար այդ ասելու և քուրդ բեկին գրգռելու իր դեմ. նա մի՞թե կթողներ, որ նրա թղթերը տեղ հասնեին, կուղարկեր իր մարդիկը, թե՛ թղթատարին և թե՛ թղթերի հեղինակին կոտորել կտար ճանապարհների վրա։ Ասլանը մտածում էր մի տեսակ վրեժխնդիր լինել քրդին, որը բավական չէր, որ նրա մասին մատնության նամակ էր գրել փաշային, այլ ինքն ևս անձամբ եկել էր Վան փաշային օգնելու համար, որպեսզի գտնեն կասկածավոր անձը։
Ասլանի անակնկալ նկատողություններից հետո, երեք հայ «երևելիները» շվարած կերպով միմյանց երեսին նայեցին, երևի խոսք էին որոնում քուրդ բեկին արդարացնելու համար։ Առաջնորդը նույնպես մտատանջության մեջ ընկավ, իսկ փաշան չգիտեր, թե որպես պաշտպաներ իր հզոր աջակցին։
Բայց քուրդ բեկը, որպես քաջ ավազակ էր իր ասպատակությունների ժամանակ, նույնպես վարպետ կռվող էր երևում և խոսքի բանակռվի մեջ։ Նա բավական սառն կերպով հարցրեց։
— Պարոն բժշկապետ, դուք ո՞ր ճանապարհով անցաք։ Լավ է, որ հիշյալ անկարգությունների միջոցին ձեզ որևիցե վտանգ չէ պատահել։