Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթանում։ Մի սխալ քայլ կարող է գլորել նրան անհատակ վիհը և նրա հետ ամբողջ քարավանը կորստյան մատնել։ Բայց նա երբեք այդպիսի սխալներ չէ անում, կարծես նրա ամուր սմբակներն ևս աչքեր ունեն:— Երբ մոտենում են իջևանին, որքան էլ մութ ու խավար լիներ, նա մի քանի մղոն հեռավորությունից իմանում է այդ և դարձյալ ուրախաձայն խրխնջում է։ Նրա հետևողները ձայնակից են լինում նրան և շտապեցնում են իրանց քայլերը, որ շուտ տեղ հասնեն և հանգստանան։

Բեռնակիր ջորիները առաջ էին ընկած, իսկ նրանց ետևից դնում էին ճանապարհորդները, ոմանք ձիաների վրա նստած, ոմանք ավանակների վրա։ Այդ խեղճ անասունների բեռը ավելի ծանր էր։ Յուրաքանչյուրի վրա բարձած էին երկու մեծ ջվալներ, լցրած զանազան իրեղեններով, որ անհրաժեշտ են ասիական ճանապարհորդության համար։ Ջվալների մեջ տեղավորված էին զանազան կարասիք, ինչպես` կաթսա, պղնձե ամաններ, ջրի աֆթաֆա, սուրճ պատրաստելու ղավանոց, նարգիլե իր բոլոր պարագաներով և այլն։ նրանց թվում կար և ամբողջ պաշար ուտեստի համար, ինչպես` հաց, յուղ, բրինձ, պանիր, աղ, սոխ, քամած մածուն և այլն։ Յուրաքանչյուրը իր խոհանոցը իր հետ էր ման ածում. ինքը իր խոհանոցի և՛ խոհարարն էր, և վայելողը։ Առանց այդ պատրաստությունների, կարելի էր քաղցած մնալ, որովհետև ամառը քարավանը սովորաբար իջևանում է բնակություններից հեռու, բացօթյա տեղերում, անասուններին ճարակ գտնելու համար։ Բնակությունների մոտ՝ գյուղացիք թույլ էին տալիս, որ անասուններն արածեն։ Ջվալների վերևից կապած է ճանապարհորդի անկողինը և այդ փափուկ տեղի վրա նստած է նա։ Ձին այդ բոլոր ծանրությունների տակին հազիվ է երևում։ Ավելի ունևոր ճանապարհորդները նստած էին թեթև, թամքած ձիաների վրա։ Նրանց ծանրությունները տանում էին առանձին ձիաներ, որոնց վրա նստած էին ծառաները։ Այդ հարուստները ման էին ածում իրանց հետ և վրաններ։ Քարավանի մեջ կային և կանայք, որոնք փաթաթված իրանց չադրաների մեջ, աչք ու երես կապած, մի շորեղեն գունդի նման, դրված են գրաստների վրա։ Հարուստների կանայք նստած էին ծածկված պատգարակների մեջ. յուրաքանչյուր պատգարակը տանում էին երկու ջորիներ։

Մահմեդական ունևորը իր բավականությունների ոչ մեկից ետ չէ մնում և ճանապարհորդության ժամանակ։ Նա սովորել է ամեն րոպե նարգիլե ծխել, ամեն րոպե մի ֆինջան դառը ղահվե խմել,