ոսկիների տոպրակները առանց համբարելու էին հանձնում նրան։ Ամեն մի քաղաքում, երբ գիտեին, որ Թոխմախ-Արթինի քարավանը մի կամ երկու ամսից հետո պետք է հայտնվի, վաճառականները, որքան էլ շտապելիս լինեին, դարձյալ սպասում էին, մինչև նա գա, որ իրանց բեռները կամ արծաթը նրան հանձնեն։ Ամենքին հայտնի էր այն անցքը, որ մի անգամ Լորիստանի անապատներով անցնելիս դեպի Պարսից ծոցը, Բախտիարի (հին բակտրիացիք) կոչված ելուզակները մի քանի հարյուր հոգով հարձակվեցան նրա քարավանի վրա և ամեն ինչ կողոպտեցին։ Ինքը Արթինը կռվի ժամանակ սաստիկ վերքեր ստացավ։ Նրա ծառաներից շատերը սպանվեցան։ Այդպիսի դեպքերում վաճառականները շատ ներողամիտ են լինում. եթե քարավանի մեջ փող ունեն, գիտեն, որ կողոպտված պետք է լինի, իսկ եթե մնացած ևս լինի, գիտեն, որ քարավան-բաշին իրավացի պատճառներ ունի ասելու, թե կողոպտել են։ Մի համադանցի պարսիկ վաճառական հանձնել էր Արթինին հինգ հազար ոսկի՝ Բաղդադ տանելու, երբ պատահեց հիշյալ անցքը։ Համադանցին իր ոսկիները բոլորովին կորած էր համարում։ Բայց մի տարուց հետո հայտնվեցավ Արթինը և դրեց նրա առջև ոսկիների պարկը։
– Այդ ի՞նչ է, Արթին,– հարցրեց վաճառականը։
– Ձեր ոսկիները,– պատասխանեց Արթինը։
– Մի՞թե նրանք մնացել են,– հարցրեց վաճառականը, չհավատալով իր աչքերին։
Արթինը պատմեց, թե ելուզակների հարձակման ժամանակ նա այդ պարկը ձգեց մի փոսի մեջ, ծածկեց հողով ու քարերով։ Ամիսներից հետո, երբ ինքը առողջացավ, վերքերը լավացան, գնաց, որոնեց և պարկը իր տեղումը գտավ, և եթե այդքան ժամանակ ուշացրեց վերադարձնել, պատճառը իր հիվանդությունն էր։
– Շատ ապրե՜ս, Արթին,– ասաց պարսիկը։– Եթե դու քրիստոնյա չլինեիր, քո այդքան հավատարմության համար քո տեղը մյուս կյանքում Մուհամմեդի դրախտի ամենափառավոր բաժնումը կլիներ։ Ե՛կ դու մահմեդական դարձի՛ր։ Իմ աղջիկը և իմ հարստության կեսը քեզ կտամ։
Արթինը այդ ժամանակ երիտասարդ էր, դեռ չէր ամուսնացած։ Նա, իհարկե, ծիծաղում է մոլեռանդ մահմեդականի առաջարկության վրա, որը, մահմեդականների սովորությամբ, իրան պարտավորություն էր համարում, ամեն մի բարեխիղճ քրիստոնյա