Այն օրից, իբրև նշան, Արտամեդի աղջիկների մազերից մի փունջ հենց ծնած օրից, մնաց ճերմակ...
Երբ ես և Ասլանը մոտեցանք աղբյուրին, հայոց աղջիկները դարձյալ սափորներով ջուր էին տանում այնտեղից: Ես մեծ հետաքրքրությամբ նայում էի նրանց ծամերին, որ երկայն, հաստ հյուսերով թափվել էին թիկունքի վրա, գլխներին դրած արախչիների տակից: Բայց այժմ այնքան մութն էր, որ ստուգել չկարողացա, արդյոք դեռևս կայի՞ն նրանց սև գիսակների մեջ ճերմակ մազեր: Արախչիների վրա այնքան խիտ և միմյանց մոտ դրամներ էին կարած, որ արծաթյա թասի ձև էին ստացել:
Ասլանը ցույց տվեց և Շամիրամա հռչակավոր գետը, որի ամրակառույց և վիթխարի ամբարտակների մասին խոսում է Խորենացին: Թե հին ժամանակներում ի՞նչպես էր կոչվում, ես չգիտեմ, իսկ այժմ Սար-Բուլախ (աղբյուրի ակն կամ գլուխ) կոչված մեծ լեռան ստորոտի ժայռերը մինչև տասն տեղ պատառելով, այնտեղից դուրս բերեց մեծագույն թագուհին լեռան սրտումը ամբարված ջուրը և, արհեստական առվակով, որի երկարությունը մինչև տասնևհինգ մղոն տարածություն ունի: Հայոց-Ձորի միջով բերեց գետը և հասցրեց մինչև Արտամեդ: Այստեղ ճյուղավորվում է նա և ոռոգում է Արտամեդի լայնատարած այգիներն ու անդաստանները, և դարձյալ միանալով, ամրակուռ քարակերտ ամբարտակների վրայով, ահագին գոռում-գոչումով անցնում է և գնում է դեպի Վան քաղաքը՝ ոռոգելու Այգեստանի այգիները:
Արտաշես Բ-ից քսան և երկու դար առաջ Արտամեդը եղել է Շամիրամի զբոսավայրը: Արայի հետ ունեցած սիրային անհաջող կռվից հետո հեշտասեր թագուհին, այստեղ, Արտամեդի հովանոցներում ու բուրաստաններում, հայոց իշխանազուն երիտասարդների հետ էր լրացնում այն սերը, որ նա սպասում էր Արայից: Նա հրապուրում էր երիտասարդներին այն հուլունքներով, որոնց շարքը, իբրև մանյակ, կրում էր պարանոցին, և որոնք ունեին կախարդական զորություն: Հայոց ծերունի նահապետներից մեկը մտածեց ազատել թեթևամիտ երիտասարդներին թագուհու մոլորություններից և, միևնույն ժամանակ, թագուհուն զինաթափ անել երիտասարդներին դյութելու հնարքներից: Մի անգամ թագուհին լողանում էր իր բուրաստանի մարմարոնյա ավազանում, և մարգարտացող ջուրը բարձր շատրվաններից ցողում էր նրա ախտաբորբոք մարմինը: Նրա հագուստը, նրա զարդարանքները, որոնց թվում և կախարդական հուլունքները` դրած էին ավազանի