Ծալովի երկար լապտերները, որ քարշ էին ընկած երկաթյա ցցերից, լուաավորում էին ճանապարհորդների ընթրիքի սեղանը և նրանց ուրախ դեմքերը, որոնց վրա հոգնություն ամենևին չէր նշմարվում։ Արդեն զանազան տեղերում խարույկներ էին վառվում, մեծ և փոքր կաթսաները եփ էին գալիս, և փլավի, յուղի, տապակած մսի հոտը բուրում էր օդի մեջ՝ ախորժակ բաց անող անուշահոտությամբ։
Ոմանք ընթրիքը վերջացրել էին և, թիկն տված բարձերին, թեք էին ընկած և խորին գոհունակությամբ ծխում էին նարգիլե։ Սևամորթ ստրուկը կրակի վրա պատրաստում էր փրփրացող ղահվեն։ Այդ բոլորը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես թե այդ ամբողջ քարավանը ուխտավորների մի մեծ բանակ լիներ, որ խմբված է լինում մի վանքի շուրջը, և ամենքը վառված են լինում կրոնական ջերմեռանդությամբ, ամենքի սրտերը փափկանում են, և ամենքի մեջ զարթնում է ընդհանուր կարեկցական ոգին, մինը մյուսին օգնելու, մինը մյուսին բարիք գործելու։ Այստեղ ևս ես նկատում էի մի տեսակ միություն, մի տեսակ եղբայրություն, մի տեսակ հավասարություն բոլորի մեջ։ Ավելի ունևորները հրավիրում էին իրանց սեղանի մոտ աղքատ ուղեկիցներին։ Նրանք խղճի դեմ էին համարում միայնակ վայելել այն բարիքը, երբ մի ուրիշը հեռվից կարոտությամբ նայում է։ Քարավանը միացրել էր բոլորին և տարբեր, այլասեռ տարրերից կազմել էր մի մեծ ընտանիք։
Քարավանի մեջ կազմվեցան և կանանոցներ։ Կանայք առանձին մի կողմն էին մեկուսացած և նրանց հասարակությունը բաժանված էր տղամարդերից։ Քարավանի պետը սկզբից այդ մասին հոգացել էր և կարգի էր դրել հարեմի բոլոր պարտ ու պատշաճ պահանջները։ Նա միմյանց վրա դարսած հակերից կազմել էր մի շրջապատ, որի մեջ զետեղված էին կանայք և ամենևին չէին երևում։ Հարուստները իրանց հետ վրաններ ունեին, որոնք այնպես էին պատրաստված, որ թե տղամարդերի համար և թե կանանց համար առանձին բաժիններ կային։
Քարավանի մեջ կային երգիչներ, մոլլաներ, դերվիշներ, մի աշուղ և ցիգաններ, որոնք գնում էին զանազան քաղաքներ։ Այստեղ, քարավանի սովորությամբ, նրանք, առանց որևիցե նյութական ակնկալության, զվարճացնում էին իրանց ուղեկիցներին։ Յուրաքանչյուրը գտել էր իր սիրող հասարակությունը։ Մի տեղ կրոնասեր, ծանրաբարո էֆենդին լսում էր մոլլայի զրույցները