Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերով եկած լինելով, ես դեռ բոլորովին չէի դիտել Հայոց-Ձորը։ Երբ լույսը ծագեց, երբ արևի առաջին ճառագայթները սկսեցին ոսկեզօծել լեռների մառախլապատ կատարները, այդ ժամանակ միայն հանդիպեցավ իմ առջև գեղեցիկ հովիտը իր շքեղ տեսարաններով։ Ես հիացած էի, և իմ հիացմունքը մեծանում էր այն չափով, որքան բնության գեղեցկությունները միախառնվում էին անցյալի, ամենահին անցյալի հիշատակների հետ։ Ի՜նչեր չէր տեսել այդ հովիտը, ի՜նչ սխրագործությունների վկա չէր եղել նա։ Այստեղ մեր Հայկ Նահապետը պատերազմեց Բելի բռնակալության դեմ և խորտակեց ամբարտավան հսկայի զորությունը։ Այստեղ, Հազկերտի կրոնական հալածանքների ժամանակ, հայ կինը մահակը ձեռին, հայ շինականը զինված իր մանգաղով, առաջին բողոքը բարձրացրին խղճի բռնաբարության դեմ և, հարձակվելով պարսից մոգերի վրա, ջարդեցին նրանց, և կրակ տալով նոր հիմնված բոլոր ատրուշաններին և մոխիրը ածելով ծովի մեջ, մաքրեցին իրանց հայրենիքը այդ պղծությունից։ Ասլանը ինձ ցույց տվեց հին Մոխրաբերդը ծովի մոտ, որ այժմ մի գյուղ էր. այստեղից ածեցին ծովի ալիքների մեջ հրդեհված ատրուշանների և որմզդական մշտավառ կրակի մոխիրը և այդ պատճառով կոչվեցավ Մոխրաբերդ։

Հայոց-Ձորում դրվեցավ քրիստոնեության սկիզբը՝ մեր Աբգար թագավորի օրով։ Ասլանը այդ մասին շատ բաներ էր պատմել ինձ, ինչ որ գրված էր գրքերի մեջ։ Բայց ես սիրում էի ժողովրդի պատմածը, կենդանի ժողովրդի պատմածը, որ նա ավանդաբար լսել էր իր նախորդներից։ Ես կդնեմ այստեղ այդ ավանդությունը, ավելի այն պատճառով, որ նրանով բացատրվում է Անգղ գետի անվան ծագումը։ Այսպես է պատմում ժողովուրդը։

Այն խոստման համեմատ, որ փրկիչը արել էր մեր Աբգար թագավորին, նրա համբառնալուց հետո, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալներին վիճակվեցավ գալ Հայաստանը լուսավորելու։ Բարդուղիմեոս առաքյալը եկավ Աղբակա կողմերը, իսկ Թադեոս առաքյալը՝ Հայոց-Ձորը, բերելով իր հետ աստվածամուխ գեղարդը, ս. Աստվածածնի քողը և անուշահոտ յուղի շիշը, որով փրկչի գլուխը օծեցին։ Նա սկսեց քարոզել և իր բերած սրբություններով հրաշքներ գործել։ Անգղ գետի ափի մոտ, ճիշտ այնտեղում, ուր այժմ Սուրբ Աստվածածնի վանքն է կանգնած, կար մի մեհյան։ (Այստեղից փոքր-ինչ հեռու իջևանել էր մեր քարավանը։) Աստվածամայրը երազում երևում է փրկչի առաքյալին և ասում է, որ