այդ մեհյանի տեղում իր համար մի տաճար կանգնեցնե։ Առաքյալը մի հրաշքով կործանում է մեհյանն ու կուռքերը և սկսում է տաճարը կառուցանել։ Այդ ժամանակ սկսվում է մի խուլ, աներևույթ կռիվ առաքյալի և կուռքերի մեջ։ Ինչ որ առաքյալը ցերեկով շինել էր տալիս, դևերը գիշերով քանդում էին և քարերը ձգում էին Անգղ գետի մեջ։ Այդ քարերի կուտակությունից կազմվեցավ այս բարձրությունը, որի վրայից գետը ջրվեժի նման ցած է թափվում և կոչվում է Սաչան։ Հետո առաքյալը, Աստվածամոր խորհրդով, իր հետ բերած հրաշագործ յուղով օծում է մի խաչքար և կանգնեցնում է շինվելիք տաճարի տեղում։ Այնուհետև դևերը այլևս չէին համարձակվում մոտենալ շինվածքին, բացի դրանից, նրանք սև ագռավների կերպարանք էին ստանում և աչքի էին երևում։ Բայց որովհետև նրանք օդի մեջ աղմուկ էին բարձրացնում և վերևից անհանգստացնում էին բանվորներին, այդ պատճառով անգղների կերպարանքով հայտնվում են աստծո հրեշտակները և սկսում են պատերազմել ագռավների հետ։ Անգղները հաղթում են, բոլոր ագռավներին կոտորում են և նրանց դիակները նետում են գետի մեջ, միևնույն տեղում, ուր նրանք ձգել էին տաճարի քարերը։ Ի հիշատակ այդ հաղթության, գետը կոչվեցավ Անգղա գետ, իսկ գյուղը, որտեղ կառուցվեցավ ս. Աստվածամոր տաճարը, կոչվեցավ Անգղ գյուղ։ Առաքյալի հրաշագործ յուղով օծած խաչքարը մինչև այսօր էլ մնում է տաճարի մեջ, և նույն քարից անընդհատ կերպով ծորում է հրաշագործ ձեթ, որը ուխտավորները տանում են իրանց հետ և գործ են դնում զանազան ախտերի բժշկության համար։ Պատմում էին, թե առաջ այդ ձեթը այնքան շատ և առատությամբ էր բխում, որ բավականացնում էր վանքի բոլոր կանթեղների լուսավորությունը։ Բայց մի վարդապետի ագահության պատճառով ձեթը նվազեցավ, երբ նա սկսեց վաճառել։
Մենք երկար չէինք բաժանվում Անգղ գետից, գնում էինք նրա հակառակ ուղղությամբ։ Ձկնորսները, նրա ընթացքի ուղղությամբ, շտապում էին դեպի այն տեղը, ուր գետը թափվում է ծովը։ Այստեղ սարքել էին նրանք իրանց ձկնորսության սապաթները, որ ամեն առավոտ դուրս էին բերում լի անուշահամ տառեխներով։
Անգղ գետի վերին մասը կոչվում է Խոշ-աբ՝ քանի որ Խոշաբ կամ Անձևացյաց կոչված գավառի միջովն է հոսում։ Իսկ երբ մտնում է Հայոց-Ձորը, նա իր ամբողջ երկարությամբ բաժանում