Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու շեյխի հետ ծանո՞թ ես։

— Ծանոթ եմ, բայց եթե այժմ եվրոպական հագուստով տեսնելու լինի ինձ, երևի չի ճանաչի։

Գիշերից բավական անցել էր, երբ հասանք շեյխի վրաններին։ Խարույկները մարել էին և ամբողջ բանակի վրա տիրում էր մթին խավար։ Վրանների շրջակայքում հավաքված ձիաների երամակները, ոչխարների հանգրվանները, կովերի և եզների նախիրները ցույց էին տալիս, որ այդ բանակը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ խաշնարածների մի րնդարձակ իջևան, որը, հարկավորած ժամանակ, կարող էր և պատերազմական բանակի փոխվել։ Բոլոր դիրքերի վրա հսկում էին զինված գիշերապահները։ Մուտք գործելու հնար չկար։ Շները խոլ վագրների նման թռչում էին մեր ձիաների գլխի վրա։ Նրանց ձայնից մոտեցան մեզ մի քանի գիշերապահներ, հարցնելով.

— Ո՞վքեր եք, ի՞նչ եք կամենում։

— «Գուշակողի» մոտ ենք գնում, — պատասխանեց մեր առաջնորդներից մեկը։

— «Գուշակողը» ահա այնտեղ է կենում։— Նա ցույց տվեց մի առանձնացած վրան, որի մեջ դեռ լույս էր երևում, և որը բավական հեռու էր բանակից։

«Գուշակողը» այնքան անհրաժեշտ մարդ էր, որ գիշեր ու ցերեկ այցելուներ միշտ անպակաս էին լինում նրա վրանից, այդ պատճառով մեր տարաժամ այցելությունր չզարմացրեք գիշերապահներին։ Խավարի միջից նրանք չնկատեցին, թե մենք ինչ տեսակ մարդիկ ենք։

Մենք գտանք «գուշակողին» միայնակ իր վրանում. նա դեո չէր քնած, լապտերի առջև նստած, գիրք էր կարդում։ Երբ լսեց մեր ձիաների ոտնաձայնը, գիրքը ցած դրեց և դուրս եկավ։

— Բարի՞ լինի,— հարցրեց նա։

— Ամենակարողի ողորմությամբ բարի է,— ասաց Ասլանը,— ձեր գուշակությունները լսելու ենք եկել։

Նա կանգնած էր վրանի մուտքի առջև, լապտերից դուրս ցոլացած լույսի մեջ՝ նկարվում էր որպես մի սպիտակ արձան։ Ձյունի պես ճերմակ մազերը թափվել էին ուսերի վրա և, միախառնվելով նույնպես ճերմակ մորուքի հետ, կազմում էին մի սպիտակ շրջանակ, որի խտության միջից դուրս էր նայում նրա ազդու դեմքը։ Երեսի կաշին, երևի մշտական պահեցողությունից, դեղնել, դալկացել, մագաղաթի գույն էր ստացել։ Նրա հագուստը