վիրավորե նրան, բոլոր դերվիշները կհավաքվեն և մեծ խայատռակություն կսարքեն։ Կշրջապատեն ժլատի տունը, կսկսեն իրանց եղջերափողերը փչել, բազմությունը կհավաքվի, իսկ նրանք կշարունակեն իրանց խառնաձայն նվագածությունը։ Մեծատունը մեկ դերվիշի փոխարեն կունենա մի քանի տասնյակներ, և ստիպված կլինի բոլորին բավականություն տալ։ Որպեսզի այդպիսի անախորժություններ չպատահեն, մեծատունը շտապում է կատարել դերվիշի պահանջը, իսկ նա իր ստացած գումարը բաժանում է աղքատներին և հեռանում է։
Մեր մտած վրանը, իրավ է, դերվիշի տաղավարի նման էր, բայց նրա մեջ բնակվողը դերվիշ չէր։ Նա մի հոգևոր անձն էր, որին ալլահը շնորհել էր գուշակության ոգի։
Նա նստեց վրանի այն կողմը, որտեղ դրած էր նրա գիրքը ես և Ասլանը տեղավորվեցանք նրա աջ և ձախ կողմերում։
— Դուք կարդում էիք,— ասաց Ասլանը,— մենք ձեզ խանգարեցինք։
— Կարդալու ժամանակ շատ կունենամ,— պատասխանեց նա նվաղած ձայնով,— իսկ այժմ աստծո հյուրերի հոգսը ամենակարևորն է ինձ համար։
«Գուշակողը» մեծ հռչակ էր ստացել քրդերի մեջ, ամենահեռավոր տեղերից գալիս էին նրա մոտ, ընծաներ էին բերում և զանազան հարցմունքներ էին անում։ Իր ստացած ընծաները նա բաժանում էր աղքատներին, իսկ ինքը ապրում էր չքավորության մեջ։ Կերակրվում էր միայն ցամաք հացով ու պարզ ջրով։ Միս ամենևին չէր ուտում։ Նրա մասին կազմվել էին քրդերի մեջ շատ առասպելներ, որոնք վերաբերում էին նրան զանազան հրաջագործություններ։ Շեյխը չափազանց հարգում էր նրան, և համարյա իր բոլոր գործերի մեջ դիմում էր նրա խորհուրդներին։ Տարին մի անգամ ամբողջ քառասուն օր անհայտանում էր նա․ասում էին, որ «չիլլա» է մտնում, այսինքն իջնում է մի խոր վիրապի մեջ և այնտեղ, առանց ուտելու և առանց խմելու, խորհրդակցում է ոգիների հետ կամ երկնային տեսիլքներ է տեսնում։
Վրանի մեջ, լապտերի լույսով, ես նորից ուշադրությամբ սկսեցի քննել նրա դեմքը։ Այդ դեմքը, ինչպես երևում էր, ծերունու առույգ հասակում խիստ դաժան արտահայտություն է ունեցել, բայց նրա նշույլն անգամ չէր մնացել այժմյան մեղմ և հեզ գծերի մեջ։ Ժամանակը, ծերությունը և հոգևոր կոչումը, որպես մեղմացրել էին նրա սիրտը, այնպես էլ դեմքին տվել էին խիստ