— Ուրեմն դուք ձեր պատանեկության հասակից ծանո՞թ եք եղել Ասլանի ու նրա ընկերների հետ,— հարցրի ես, երբ նա վերջացրեց իր պատմությունը։
— Այո՛, իմ պատանեկության հասակից,— պատասխանեց նա։ — Բայց որպես պատմեցի ձեզ, մենք անջատվեցանք միմյանցից, մեր ճանապարհները բաժանվեցան, որսորդ Ավոն առաջնորդեց նրանց դեպի լավը, իսկ քավոր Պետրոսը առաջնորդեց ինձ դեպի վատը։ Երկար թափառումներից հետո, դարձյալ մեր ճանապարհների ծայրերը միացան միմյանց, և դարձյալ մենք ձեռք մեկնեցինք միմյանց...
— Բայց ի՞նչպես եղավ, որ դուք ուղղվեցաք և ետ դարձաք վատ ճանապարհից։
— Ես անցա այն բոլոր մթին, ոլոր-մոլոր շավիղները, որոնց մեջ պտտվում է խաչագողը. ես անցա այն բոլոր շրջանները, որոնց մեջ լայնանում է, զարգանում է խաչագողի ընդունակությունը. հետո բռնվեցա իմ հանցանքների մեջ և աքսորվեցա։ Այնտեղ, իմ հեռավոր աքսորավայրում, ես ծանոթացա մի լավ մարդու հետ, որ նույնպես աքսորված էր։ Այդ մարդը իմ վրա խիստ բարերար աղդեցություն ունեցավ և ուղղեց ինձ։
— Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչպես էր նրա անունը։
Նա մի շատ խորհրդավոր անձնավորություն էր. ես մինչև այսօր էլ չգիտեմ նրա իսկական անունը. բայց բոլոր դատապարտյալները նրան կոչում էին «Համր», որովհետև խիստ սակավ էր խոսում։
— Գիտե՞ք հիմա որտեղ է նա։
— Չգիտեմ...
Այժմ ես բոլորովին համոզվեցա, որ խաչագողը լավ մարդկանց ազդեցության ներքո, լավ հասարակության մեջ, կարող է կրթվել և լավ մարդ դառնալ։ Բայց ես դեռ կասկած ունեի քավոր Պետրոսի մասին, երբ հարցրի, Մուրադը պատասխանեց ինձ:
— Նա չափազանց բարի մարդ է, նրան մինչև անգամ կարելի է առաքինի կոչել։ Միայն նրա անցյալ մեղքերը այն աստիճան ծանրացած են նրա սրտի վրա, որ ամեն հույս նրա մեջ մեռել է։ Նա չէ կարողանում հավատացնել իրան, որ աստծո անսահման գթությունը ներումն է շնորհում ամեն մի զղջացողին, և այդ պատճառով, թշվառ ալևորը գտնվում է խղճի մշտական տանջանքի մեջ։
Այդ միջոցին մոտեցավ մեզ Մուրադի մյուս ընկերը, որը