Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնացել էր հեռավոր դեզերից ձիաների համար խոտ բերելու: Ես խնդրեցի Մուրադից, որ ծանոթացնե իր ընկերի հետ։

— Դուք, կարծեմ ծանոթ եք,— ասաց նա խորհրդավոր ձայնով:— Դուք մի անգամ տեսել եք նրան արաբական մինարեթում... Հիշո՞ւմ եք։

— Հիշում եմ։— Եվ ձեզ...— ավելացրի ես։

— Այո՛, և ինձ,..— խոստովանեցավ նա։— Ես և նա միասին էինք...

— Նրան կոչում են Ջալլադ, այդպես չէ՞։

— Այդպես է։

Այժմ մեր մեջ ոչինչ տարակուսանք չմնաց, մենք ճանաչում ենք միմյանց, մենք հին ընկերներ և բարեկամներ էինք։

Տաղավարից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ պատվիրեց ձիաները պատրաստել։ Առավոտը դեռ նոր էր բացվում, երբ ճանապարհ ընկանք։ Ալևոր «գուշակողը» տվեց մեզ իր օրհնությունը և բարեմաղթեց «հաջողություն»։ Այդ բարեմաղթությունը լսում էի ամեն անգամ, երբ բաժանվում էինք մեր բարեկամներից։ Շեյխի բանակում դեռ քնած էին. ոչինչ շարժում չէր երևում։ Միայն անքուն գիշերապահները հեռվից ձայն էին տալիս միմյանց։

ԻԳ

ՈՍՏԱՆ

— Այսուհետև երկյուղալի տեղերով պետք է անցնենք,— զգուշացրեց Մուրադը, խորհուրդ տալով, որ մեր զենքերը պատրաստ պահենք։

Նա առաջ ընկավ, իսկ նրա ընկերը, Ջալլադը, գալիս էր մեր ետևից։ Ես ու Ասլանը պատսպարված էինք երկուսի մեջտեղում։ Լսելով Մուրադի խոսքերը, ես իսկույն հիշեցի նապաստակին, չէ՞ որ պետք է մի բան պատահի, մտածում էի ես, և անպատճառ—վատ բան։

Ճանապարհը սարսափելի էր։ Անցնում էինք Արտոսի ոլորապտույտ ձորերով, նեղ փապարներով և մթին կիրճերով։ Մարդ կարող էր բոլորովին կորչել, անհետանալ այդ խորին անդունդների մեջ։ Բայց մեր առաջնորդին այնքան ծանոթ էին բոլոր