Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին նրանց եզերքի վրա, որ փոքր էր մնում բոլորովին ճնշեին, բոլորովին խեղդեին այդ լճակները իրանց խտության մեջ։ Նրանք ծծում էին բոլոր կենսական հյութը, նրանք արգելում էին մաքուր օդի անցուդարձը, և այդ պատճառով, այդ ողորմելի լճակները, անշարժության մեջ մնալով, ճահիճների ձև էին ստացել:

Չնայելով, որ ամառվա սաստիկ տոթերի ժամանակն էր, բայց այստեղ գարունը կարծես դեռ նոր էր սկսվում։ Կեռասի ահագին ծառերը, որ վայրենի դրության մեջ աճելով, ձգվել էին մինչև երկինքը, դեռ նոր էին հասցնում իրանց վարդագույն պտուղները: Ընկուզենիները, որոնք իրանց բարձր լայնատարած ճյուղավորությամբ լցրել էին ձորերի խորքերը,— այդ հսկա ընկուզենիները դեռ պտուղ չէին ցույց տալիս։ Վայրենի կակաչը, պուտը, ամանկոտրուկը, գարնան այդ առաջին ավետաբերները, դեռ նոր էին իրանց կարմիր գլխիկները բարձրացրել խոտերի ճոխ խտության միջից: Կարմիր կակաչների նման պտտվում էին կարմիր հարսներ ու աղջիկներ։ Նրանց «լե՜-լե՜ի» ձայնը, միախառնվելով թռչունների երեկոյան երգեցողության հետ, մի առանձին կենդանություն էին տալիս շրջակայքին: Նրանք զանազան բանջարներ էին քաղում, այն բանջարները, որ մեր կողմերում վաղուց արդեն քաղել ու չորացրել էին ձմեռվա համար։

Մեր հանդեպ՝ սարի կուրծքի վրա՝ կպած էր մի գյուղ, որ իր գեղեցկադիր բարձրությունից նայում էր դեպի ծովը։ Այդ գյուղը, կարծես, կտրված լիներ Ռշտունյաց աշխարհից, ապրում էր իր լռիկ, մնջիկ առանձնության մեջ, հրճվում էր ծովի ալիքներով, շնչում էր իր լեռների թարմ, հովասուն օդը և վայելում էր իր շրջակայքի բարիքները, որ այնքան շռայլությամբ պարգևել էր առատաձեռն բնությունը։ Մենք դիմում էինք դեպի այդ գյուղը։

Արևը մտնելու վրա էր։ Նրա պայծառ ճառագայթները մի առանձին փայլ էին ստանում, շողշողալով ծառերի լայն, հյութալի տերևների վրա։ Ինձ թվում էր, որ ամբողջ շրջակայքը ծփում էր, թրթռում էր մի սքանչելի ոսկեզօծության մեջ։ Ոսկեզօծ էին երևում կարմիր հարսներն ու աղջիկները, որ պտտվում էին մարգերի մեջ, ոսկեզօծ էին երևում ձիերն ու կովերը, որ ներքևում արածում էին արոտների մեջ, ոսկեզօծ էին երևում այծերն ու ոչխարները, որ վերևում թռչկոտում էին մի ժայռից դեպի մյուսը, ոսկեզօծ էին երևում շինականները, որ երկար գերանդիները ուսերին դրած, վերադառնում էին խոտհունձից. ոսկեզօծ էր երևում գյուղական փոքրիկ եկեղեցու գմբեթը, որ իշխում էր մյուս շենքերի