նստելու սովոր չեն, գնա ասա, որ մի շոր բերեն, ձգեն այստեղ:
Եվ իրավ, նրանք մերկ կտուրի վրա էին նստած, բայց այդ կտուրը ռեսի ժրաջան հարսների շնորհիվ այնքան մաքուր էր, որ փոշու մի հյուլե անգամ անկարելի էր գտնել այնտեղ։
Շուտով մի խումբ կանայք մեզ մոտ վազեցին. մեկը շտապով սկսեց ջրով սրսկել կտուրը, մյուսը ավելում էր, երրորդը տարածում էր ծանր օթոցները, իսկ չորրորդը, երևի, նոր էր մտածում, թե ինքը ինչո՞ւ համար եկավ, և կանգնած, շփոթված նայում էր իր շուրջը։ Հետո էլ իր համար գործ գտավ, լուռ մոտեցավ Ասլանին, ձեռքով հասկացրեց, որ թույլ տա կոշիկները հանել:
— Նեղություն մի կրեք,— հրաժարվեցավ Ասլանը,— իմ կոշիկները դժվարությամբ են հանվում։
Պատասխանը կարծես վիրավորեց կնոջ ինքնասիրությունը, մի հեգնական ժպիտ երևաց նրա կարմիր թշերի վրա, և առանց Ասլանի թույլտվությանը սպասելու, բռնեց նրա երկարավիզ կոշիկներից, և ուժեղ ձեռքով այնպես դուրս քաշեց, փոքր էր մնում, որ ոտքն էլ հետը տանե։
Այն գեղեցիկ օթոցները, որ տարածեցին, իրավ, շատ մեղք կլիներ՝ նրանց վրա ճանապարհի փոշեպատ կոշիկներով նստել, բացի դրանից, այդ մի անքաղաքավարություն էր, որ տեղացիների աչքում շատ խորթ պիտի երևար։
Այնտեղ գտնված երիտասարդները, որ դրացիներ էին և բոլորովին ուրիշ գործով էին եկած ռեսի մոտ, որպես իրանց տան գործը համարելով, սկսեցին մեր ձիաների խուրջինները և թամքերը ցած բերել, և տարան հանգստացնելու նրանց։ Շուտով հավաքվեցավ մեր շուրջը մի հարցասեր բազմություն, ամեն սեռի և ամեն հասակի, որոնք հեռվից հետաքրքրությամբ նայում էին մեզ վրա, մատով ցույց էին տալիս միմյանց և զանազան սրամիտ նկատողություններ էին անում իրանց բարբառով:
— Այդ մարդու քոլոզը սունկի նման չէ՞, Մկո,— հարցնում էր մի տղա, ցույց տալով Ասլանի եվրոպական լայնեզրյա գլխարկը։
— Ուղիղ սունկի նման է,— պատասխանում էր Մկոն, որպես իր չարաճճիկ ընկերների մեջ մի մեծ հեղինակություն։— Բայց դու շալվարին նայի՛ր, կասես փայտի վրա հագցրած կեղև լինի։
Կտուրը, որի վրա նստած էինք մենք, իր բարձրությամբ հազիվ որոշվում էր գետնի մակերևույթից, որովհետև տունը գետնափոր էր և մտել էր լեռան կողքի մեջ, որը զառիվայր դիրք ուներ։ Գյուղի բոլոր տները այդ դիրքով էին շինված, մեկի կտուրը մյուսի