Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավականություն տվեց նրանով միայն, որ հետո սկսեց եվրոպացի բժշկապետի հետ նրա երկրի լեզվով խոսել։ Թեև Նրանցից ոչ ոք չհասկացավ, թե ինչ խոսեց, բայց ամենքն էլ շատ ուրախացան, որ նա օտար լեզուներ ևս իմանում է։ Նրանք միշտ սովորություն ունեին մյուս գյուղացիների մոտ իրանց վարժապետի մասին չափազանցություններ անելով պարծենալ, թե «մեր վարժապետը տասն լեզու է իմանում»։

Ո՞րտեղացի էր նա, ո՞րտեղից էր եկել, — ոչ ոք չգիտեր։ Նրանք այդքանը միայն գիտեին, որ առաջին անգամ, երբ հայտնվեցավ, նա եվրոպական հագուստ ուներ։ Հետո ամեն ինչ փոխեց, մինչև անգամ լեզուն ևս փոխեց, սկսեց նմանվել գյուղացիներին։

— Շա՞տ ժամանակ է, պարոն Ոստանիկ, որ այստեղ եք,— հարցրեց Ասլանը։

— Մի քանի տարի կլինի,— պատասխանեց նա։

— Եվ այդքան ժամանակ ձեր հայրենիքը չե՞ք գնացել։

— Երբեմն, ամառային արաձակուրդների ժամանակ, գյուղացիները ինձ թույլ են տալիս գնալ` ազգականներիս տեսնելու։ Տարվա մեջ երեք ամիս բոլորովին ազատ եմ ես։ Մանավանդ, որ ուսումը այստեղ գլխավորապես ձմեռն է լինում, որովհետև տարվա մյուս եղանակներում երեխաները օգնում են իրանց ծնողներին նրանց տնտեսական աշխատությունների մեջ։ Այդ ես թույլ եմ տալիս գլխավորապես այն նպատակով, որ իմ աշակերտները գործնականապես վարժվեն երկրագործական մշակությունների մեջ։

— Ձեր բացակայության ժամանակ ո՞ւմն եք հանձնում ձեր պաշտոնը։

— Ես մի օգնական ևս ունեմ, որը իմ հասցրած աշակերտներիցն է։

Գիշերից բավական անցել էր։ Ժամանակ էր հյուրերին հեռանալ։ Գյուղացին զարթնում է արևից առաջ, հանգստանում է արևի հետ։ Նա սովոր չէ անքնության մեջ վատնել գիշերային հանգստությունը։ Թեև ռեսի ճոխ և ընդարձակ տունը՝ թվով մեզանից մի քանի անգամ ավելի հյուրերի համար` թե քնելու տեղ և թե մաքուր անկողիններ ուներ, բայց, շինական սովորության համեմատ, մեզ հետ սեղանակից եղող գյուղացիները պետք է մեզ իրանց մեջ բաժանեին, որպեսզի տան տիրոջ համար ծանրություն չլիներ։ Բավական երկար տևեց վիճաբանությանը մեր ընտրության մասին, յուրաքանչյուրը ցանկանում էր իր տունը տանել մեզանից ամեն