Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկին, թեև մեր թիվը այնքան փոքր էր, որ ամենքին բավականություն չէր կարող տալ։ Մտածում էին վիճակ ձգել։ Այդ միջոցին վարժապետը մեջ մտավ, ասելով.

— Բարեկամներ, մեր բախտից մեր հյուրերը այնքան փոքր են թվով, որ ամենքիս բաժին չի հասնի. պարոն բժշկապետին ես նվեր առնեմ, իսկ մյուսներին թող տեր հայրը բաժանե, ինչպես որ կկամենա։

Մենք թվով չորս հոգի էինք՝ ես, Ասլանը, Մուրադը և Ջալլադը։ Ամենքը համաձայնվեցան, որ Ասլանին, այսինքն պարոն բժշկապետին, վարժապետը տանե իր մոտ, որովհետև նրա լեզուն իմանում է, բացի դրանից, եվրոպական ձևով կահավորված սենյակ ունի։ Ինձ վեր առեց տեր հայրը. Մուրադը մնաց ռեսի տանը, իսկ Ջալլադին տարավ մի այլ գյուղացի, որը տեղային եկեղեցու երեսփոխանն էր։

ԻԵ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԸ

Երբ գյուղացին հարևանի մոտ հյուր է կանչված, և նրա տնեցիք գիտեն, որ այնտեղ օտար տեղից եկած հյուրեր կան, իրանք ևս պատրաստություն են տեսնում, մտածելով, կարելի է իրանց տղամարդը նրանցից մեկին բերե իր հետ։ Երևի այդ էր պատճառը,— որ երբ մտանք տեր հոր խրճիթը, այնտեղ գտանք մի պատրաստի սեղան։ Նա հրավիրեց նստել սեղանի մոտ։ Ռեսի ճոխ ընթրիքից հետո, այժմ ո՞վ ախորժակ ուներ ուտելու։ Բայց ուզես, չուզես, պետք է մի քանի պատառ ուտես, եթե ոչ, տանտիկնոջը սաստիկ վիրավորած կլինես։

Տեր հոր խրճիթը թեև ռեսի տան մեծությունն ու վայելչությունը չուներ, բայց բավական կոկիկ և սիրուն էր. ամեն տեղ երևում էր կարգ, ամեն տեղ երևում էր մաքրություն։ Բոլոր տանեցիք քնած էին միևնույն հարկի տակ, ուր մտանք մենք։ Միայն երեցկինը և նրա հարսը սպասում էին մեզ։ Սյունի վրա դրած միակ ճրագը աղոտ լույս էր սփռում փոքրիկ սենյակում, և մեր շուրջը լսվում էր քնած ընտանիքի խաղաղ շնչառությունը։

Տեր հայրը իր լեզվի բոլոր ճարտարությունը գործ էր դնում,