Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՜րքան կարոտով նայում էր իմ վրա, ո՜րքան դժվարությամբ զսպում էր իրան, միգուցե դեմքի մի անզգույշ ցնցումը մատներ իրան... Ո՞վ կմտածեր հանդիպել նրան այդ լեռնային խլության մեջ։ Ինչո՞ւ Ասլանը առաջուց ոչինչ չասաց ինձ, չնախապատրաստեց, այդ ուրախալի տեսակցության համար։ Գուցե ես այնքան անխոհեմ լինեի, գուցե իմ զգացմունքները զսպել չկարողանայի, և երբ նիզակը ձեռին՝ վեհանձնաբար ներս մտավ նա ռեսի սենյակը, ես նետվեի նրա գիրկը և սեղմեի կուրծքիս վրա թանկագին բարեկամիս։ Ես խո դրանով շատ բան կփչացնեի․․․ ես խո կմերկացնեի նրան․․․

Ո՜րքան փոխվել էր նա, ո՜րքան այլակերպվել էր ․․․ Ես հազիվ կարողացա ճանաչել։ Փոխվել էր ամեն ինչ, որ արտաքին էր. հագուստը, մազերը, սանրվածքի ձևը, մինչև անգամ ձայնը, բարբառը։ Անփոփոխ պահպանվել էր նրա մեջ նախկին ջերմ, սիրող սիրտը, որի մեջ ամեն մի թշվառի համար անսահման սեր, անսահման կարեկցություն կար։ Ո՜րքան զորեղ և կախարդիչ էր նրա ազդեցությունը գյուղացիների վրա, ո՜րքան հարգանքով էին վերաբերվում դեպի նա։ Նա ինձ վրա այն տպավորությունն էր գործում, ինչ տպավորություն գործում է գազանների ահարկու զսպողը. ամեհի առյուծը լիզում է նրա ձեռքերը, կատաղի վագրը թավալվում է նրա ոտների տակ... Ո՜րքան ուժ և կամքի զորություն կար նրա մեջ, որ կարողացել էր մեղմացնել, հեզացնել և մինչև անգամ ազնվացնել այդ մարդակերպ գազանների բնավորությունը... Նա այժմ իր սիրած մթնոլորտի մեջն էր. այստեղ կար լեռ, անտառ, ծով և կենդանի աշխուժով լի ժողովուրդ: Նրա երազների ցնորքն էր՝ մի այդպիսի ժողովրդի մեջ լինել, մի այդպիսի աշխարհում գործել։ Հմուտ բրուտը իր ձեռքի տակ ուներ խիստ ընտիր կավ․ նրան ինչ ձև որ կամենար՝ կտար։

Նրանից շատ հեռու չէին Ոստանի ավերակները, որտեղ մի ժամանակ կանգնած էր նրա հոր հոյակապ ամրոցը, որտեղ կատարվել էին այնքան սոսկալի արկածներ... Նրանից շատ հեռու չէր Ռազմիրան գյուղը, որտեղ դրած էին նրա նախահարց պատկառելի շիրիմները։ Հայրը այդ երկրի տերն ու իշխանն էր։ Որդին դարձել էր նրա աշխատասեր մշակը, նրա բնակիչների դաստիարակը։ Ո՜րպիսի խաղ անագորույն բախտի, որպիսի մեծ փոփոխություն..․

Բայց ես համոզված էի, որ նախահարց մոռացված շիրիմները և հայկական ամրոցի տխուր փլատակները այնքան ցավ չէին