Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող ազդել նրա զգայուն սրտին, որքան վերջին գյուղացու խարխուլ խրճիթի թշվառությունը, որ տառապյալ մայրը, սովատանջ երեխաների լացն ու տրտունջը հանգստացնելու համար, միայն պարզ ջրով լցրած պտույկը դնում է օջախի վրա, շերեփով խառնում է, որպես թե կերակուր է պատրաստում երեխասերի համար։

Ա՜խ, որքան երկար էր այդ գիշերը։ Տեր հայրը դեռ չէր վերջացրել իր «եկեսցեն»․ նրա շրթունքները դեռ լուռ շշնջում էին։ Ե՞րբ պիտի քներ նա։ Այնտեղ պլպլում էր մի այլ անքուն արարած — ճրագը։ Ես պատրաստ էի մի շունչի հարվածով սպանել նրան։ Թո՛ղ մութ լիներ, թո՛ղ ամեն ինչ ծածկվեր խավարի մեջ։ Ես կվերկենայի, կհագնվեի ու կգնայի... Ի՞նչ կմտածեին տանեցիք, եթե նկատեին։ Ինչ կուզե թո՛ղ մտածեին, բայց ես կգնայի... Գուցե կմոլորվեի, կկորչեի խրճիթների լաբիրինթոսի մեջ գուցե գայլանման շները պատառ-պատառ կանեին ինձ, բայց կգնայի... Կգնայի դեպի դպրոցը և նրան կից երկու սենյակները...

Գոնե շուտ լուսանար: Տեր հոր աղոթքի շշունջը այլևս չէր լսվում. նա քնեց։ Խրճիթում արթուն ոչ ոք չմնաց։ Ես ուրախացա։ Պետք էր միայն ճրագը հանգցնել։ Բայց ահա աքաղաղը սկսեց կանչել։ Նրա ձայնից զարթեց օրորոցի մեջ քնած մանուկը և զարթեցրեց քնած մորը։ Մի հսկող ևս ավելացավ։ Ի՞նչ պետք էր արած։ Մայրը ծիծը դրեց երեխայի բերանը և, գլուխը դնելով օրորոցի դաստակի վրա, նստած տեղում դարձյալ քնեց։ Այդ լավ եղավ։ Ամբողջ օրը աշխատած գեղջկուհու անդամները կարոտ էին հանգստության։ Բայց երեխան այդ չգիտեր։ Նա կրկին սկսեց լաց լինել, կրկին զարթեցրեց մորը։ Երևի, ծիծը դուրս պրծավ նրա բերանից։ Ես պատրաստ էի խեղդել նրան, որ ձայնը կտրե։ Մայրը դարձյալ ծիծը դրեց բերանը, դարձյալ գլուխը դրեց օրորոցի դաստակի վրա, իսկույն քունը տարավ։ Այդ ուրախացրեց ինձ։ Բայց ահա մի նոր անհաջողություն։ Կրկին լսելի եղավ շղթայի շաչյունը։ Այս անգամ ձին ձիգ տվեց շղթան։ Երևի նա շարժեց ոտները։ Տերը զարթեց, գլուխը վեր բարձրացրեց և ականջները լարեց դեպի ախոռատան պատը։ Ոչինչ չկար, ձին հանդարտվեց։ Տերը կրկին գլուխը դրեց բարձի վրա։ Ի՛նչ երջանիկ մարդիկ են դրանք, գոնե կարող են քնել,— քնե՜լ, որ մարդու գլխավոր մխիթարություններից մեկն է։ Ինձ համար չէր այդ մխիթարությունը։ Գոնե շուտ լուսանար։ Մտածեցի զբաղեցնել ինձ, որ ժամանակը անցնի։ Տասն անգամ համբարեցի առաստաղի գերանները, տասն անգամ համբարեցի գերանների վրա շարած փարդուկները։ Այդ ևս, վերջապես,