Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանա հովիտը։ Իսկ Արծրունի թագավորը իր ամբարտակի հիմքը դրեց ջրի հատակի վրա և ծովի մի մասը ցամաք դարձրեց։

Հիշյալ ամբարտակի վրա բարձրացրեց նա կղզու շրջապարիսպը, որը հինգ ձիարշավի տարածությամբ շրջապատ ուներ։ Այդ շրջապարիսպը, պատմաբանի խոսքերով, էր հրաշակերտ, ահեղակերտ, ամրացրած բարձր, լայնանիստ բուրգերով և զարդարած նույնպես բարձր, գեղեցիկ աշտարակներով։ Աշտարակները անկյունավոր էին, խորանանման ձև ունեին, հարթ իբրև տախտակ։ Նրանց մեջ կային սենյակներ, դահլիճներ, ուր երբեմն իր որդիների և ազատագունդ դրանիկների հետ ուրախություն էր վայելում արքան։

Հարկավոր էր կղզուն մի նավահանգիստ։ Այդ անհրաժեշտության մեջ ևս թագավորի անզուսպ եռանդը անճար չմնաց։ Նա կտրեց ծովի մի մասը և, ահագին պատնեշներ բարձրացնելով ջրի միջից, հիմնեց մի ընդարձակ, արհեստական նավահանգիստ։ Ալեքսանդր մեծի արհեստական նավահանգիստը Մակեդոնիայում շատ նվաստ է գտնում պատմաբանը, հիշյալ նավահանգստի հետ համեմատելով։ Դեպի այդ նավահանգիստն էին բացվում կղզու շրջապարիսպի ծանր, երկաթյա դռները։

Այդպես, կղզին չորեքկողմից բուրգերով, աշտարակներով և թանձր շրջապատով ամրացնելուց հետո, նրան մի ահռելի բերդի ձև տվեց։ Արհեստի հետ զուգապատշաճ էին և բնական ամրությունները։ Կղզու միջնավայրից բարձրանում էր մի ապառաժ, որ նրա գագաթն էր կազմում։ Այդ ապառաժի կողքերի վրա հիմնեց արքան իր բարձրադիր պալատները, որ նայում էին դեպի ընդարձակ ծովը: Պալատների մոտ կանգնած էին նրա գանձերի շտեմարանները, զենքերի մթերանոցները և պաշարների մեծամեծ ամբարանոցները։

Երբ բոլոր շինությունները վերջացած էին, թագավորը հրատարակեց այդ կղզին իբրև ապաստանի քաղաք: Թշնամիների կողմից եկած ամեն հեն և ապստամբ կարող էր այնտեղ պատսպարան գտնել։ Հինգ տարվա ընթացքում քաղաքը լցվեցավ բազմաթիվ բնակիչներով։

Հայոց թագավորներից երկուսը ապաստանի քաղաքներ հիմնեցին. մեկը՝ Արշակ երկրորդը, Մասիս լեռան ստորոտում, մյուսը Գագիկ Արծրունին` Աղթամարա կղզու վրա։ Երկուսի ձեռնարկությունն ևս միանման էր, բայց նպատակները տարբեր էին։ Առաջինը, Արշակ երկրորդը, մտածում էր ջնջել նախարարությունները և առհասարակ ավատականությունը, և Հայաստանի բաժանված,