Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստը առնված էր հին և նոր կտակարաններից: Սկսյալ Աբրահամից, Դավթից մինչև Փրկչի կատարած տնօրինությունները,—բոլոր նշանավոր անցքերի պատկերները ճշգրտած էին քարերի վրա։ Իբրև շրջանակ այդ պատկերների, դրված խաղողի որթերի և զանազան բույսերի հյուսվածքներ, սքանչելի քանդակագործությամբ։ Կային և այլ զանազան նկարներ, որոնք ներկայացնում էին մենամարտության հանդեսներ, առյուծների կռիվ, կամ թագավորը նստած գահի վրա, և շրջապատած մանկահասակ սենեկապետներով, պար եկող աղջիկներով, երաժիշտների ու գուսանների խումբով։

Բոլորից հրաշալի էր փրկչական պատկերը, որ քանդակված էր արևմտյան խորանի բարձր կամարի վրա, իսկ նրա հանդեպ, արևելյան կամարի վրա, Գագիկ թագավորի պատկերը, գլուխը հեզությամբ դեպի ցած խոնարհեցրած, որպես թե թողություն էր խնդրում, և իր հզոր բազուկների վրա բարձած ուներ իր հիմնած տաճարը, որ նվիրում էր փրկչին։

Ահագին գանձեր սպառվեցան տաճարի սրբություն-սրբությանցը զարդարելու համար։ Ոսկիապատ և արծաթապատ դռները սքանչելի էին։ Սրբոց պատկերները դրած էին մարգարտահյուս, ականակուռ շրջանակների մեջ։ Պայծառ, թանկագին անոթները և զանազան սպասները աչք էին շլացնում։

Արծրունյաց առաջին թագավորի բոլոր մեծագործություններից մնացել էր հիշյալ տաճարը միայն, այն ևս դարերի ընթացքում շատ փոփոխությունների ենթարկվելով, շատ հարվածներ կրելով, կորցրել էր իր վաղեմի փառքն ու շքեղությունը։ Մյուս շենքերի հետքերն էին միայն մնացել։ Բացի ժամանակների աղետալի արհավիրքներից, բացի թշնամու կործանիչ ձեռքից, ինքը բնությունը ապստամբվեցավ մեծ մարդու մեծ գործի դեմ։ Ծովը, կարծես, կամեցավ առնել իր հին վրեժը և, հետզհետե բարձրանալով, կրկին ետ խլեց այն, ինչ որ բռնությամբ կտրել էին իրանից։ Մեծակառույց ամբարտակը, վիթխարի շրջապարիսպը, բարձր աշտարակներն ու բուրգերը, բոլորը կորան ջրի տակ։ Մեր տեսած ժամանակում հին ամրոցից մնացել էր միայն մի փոքրիկ բեկոր, որ մի մատուռի ծայրի հետ տխուր կերպով դուրս էին նայում ջրի տակից, և կոծվելով ալիքների հետ, կարծես ողբում էին, լաց էին լինում կորցրած մեծությունը... Երկու դար անցել էր Արծրունյաց թագավորության հիմնվելուց հետո, մեկ դար անցել էր Արծրունյաց թագավորության վերջանալուց