Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա փոխանակ պատասխանելու, ձեռքը տարավ դեպի իր ծոցը, հանեց այնտեղից մի փոքրիկ ավետարան, որը մի մեծ օրացույցի չափ հազիվ կլիներ և կարդաց Մատթեոսի Զ֊րդ Գլ. 33֊րդ համարը. «Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն աստուծոյ և զարդարութիւն նորա. և այդ ամենայն հաւելցի ձեզ։ Մի այսուհետև հոգայցէք վասն վաղուին՝ զի վաղիւն վասն իւր հոգասցի»։

— Այդ ես գիտեմ...— ասաց Ջալլադը, խնդրելով, որ գոցե ավետարանը։— Եթե աստուծո արքայությունը այնպես գալու լիներ, ինչպես ցանկանում էր մեր Փրկիչը, իրավ է, մենք երբեք աղքատ ու թշվառ չէինք լինի, բայց այնպես չեղավ... Հարուստը մնաց հարուստ, աղքատը մնաց աղքատ․․.

Հետո խոսքը փոխելով հարցրեց նա․

— Ձեր միսիոնարները, երևի, լավ են ապրում, այնպես չէ՞ կառքեր ունեն, ձիաներ ունեն, ծառաներ ունեն, և միշտ փառավոր սեղան ունեն։ Ինչո՞ւ նրանք չեն փորձում իրանց անձի վրա Զ-րդ Գլ. 33֊րդ համարի ասացվածքը, որ իրանք ևս աղքատ կյանք վարեն, և իրանց օրինակով մխիթարեն ժողովրդի աղքատությունը։

— Բայց նրանք մեծ փողեր են ստանում,— պատասխանեք միսիոնարների առաջին աշակերտը, ավետարանը ձեռքից ցած չդնելով։— Նրանք մեզ նման չեն, նրանք այնպես լավ կյանքի սովորած են։

— Դուք կարծում եք՝ վա՞տ է լավ կյանքը․․․

— Սատանայի փորձությունը ավելի շուտով հաջողվում է լավ կյանքի հետամուտ եղողների վերաբերությամբ։

— Ինչո՞ւ ձեր միսիոնարների վերաբերությամբ չէ հաջողվում։

— Ասացի, որ նրանք մեզ նման չեն։

Նա շուտ-շուտ ուղղում էր իր ակնոցները․ ես սաստիկ ատում էի այդ գունավոր ակնոցները, որոնք ծածկել էին նրա աչքերը, և խոսում, ոչինչ չէր երևում, անկարելի էր նրա աչքերը խորքից թափանցել նրա սրտի խորքը, որը անտարակույս, դատարկ պետք է լիներ։

— Վերջապես, այն ասացեք,— հարցրեց Ջալլադը,— դուք ի՞նչ ազգային իդեալներ ունեք։

— Մենք ազգ չենք ճանաչում, մենք միայն տիրոջ եկեղեցին ենք ճանաչում,— պատասխանեց նա։

— Դուք ուրեմն և հայրենի՞ք չեք ճանաչում։

— Այո՛։ Քրիստոնյայի հայրենիքը երկինքն է։ Իսկ այդ երկիրը