Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜խ, ո′րքան վսեմ, ո′րքան բարձր բան է ճշմարիտ բարեկամությունը։ Ո՜րքան հոգու և զգացմունքների սրբություն կա նրա մեջ։ Այդ բոլորը տեսնելով, իմ սիրտը նույնպես լցվում էր մի սրբազան ջերմությամբ, իմ զգացմունքները նույնպես ազնվանում էին։

Նա թողեց Ասլանին և մոտեցավ ինձ։ Կարոյից բաժանվելու ժամանակ ես լաց չեղա, բայց երբ նրա դողդոջուն ձեռքերը փաթաթվեցան իմ պարանոցին, ես չկարողացա զսպել իմ արտասուքը։ Նա նույնպես հուզված էր, նրա հեզ, հրեշտակային աչքերը նույնպես ծփում էին։

— Մի′ տխրիր, Ֆարհատ,— ասաց նա ինձ.— դու մի լավ և բարի առաջնորդ ունես, որ կկանգնեցնե քեզ ուղիղ ճանապարհի վրա...

Համարյա նույն խոսքերը ասաց ինձ Կարոն, երբ վերջին անգամ բաժանվեցա նրանից: Ինչ էին նշանակում այդ խոսքերը։

Ես և Ասլանը դուրս եկանք սենյակից՝ նրան ճանապարհ դնելու։ Մինչև սանդուղքները գնացինք նրա հետ։ Այստեղ նա կանգնեցրեց մեզ, կրկին և կրկին անգամ սեղմելով մեր ձեռքը, ցած իջավ սանդուղքներից։ Ներքևից մի անգամ ևս ետ նայեց, գլխով մնաք բարյավ ասաց և դուրս եկավ պանդոկից։ Մենք երկար անշարժ կանգնած էինք սանդուղքների գլխին, և մեր աչքերը հառած էին դեպի այն դուռը, որտեղից դուրս եկավ ազնիվ երիտասարդը և անհայտացավ փողոցի մթության մեջ։

Վերադառնալով մեր սենյակը, թե՛ ես և թե՜ Ասլանը, սիրելի բարեկամից անջատվելու ծանր տպավորության ներքո, տխուր էինք, ոչինչ չէինք գտնում խոսելու։ Ասլանը հոգնածի նման ընկողմանեցավ օթոցի վրա, իսկ ես նստեցի մոմի հանդեպ։ Երևում էր, որ ամբողջ օրը թափառել էր նա։ Նրա աչքերը շուտով խփվեցան, սկսեց նիրհել։ Ես նայում էի մոմի վրա։ Լուսավորության զոհերը այժմ շատացել էին, և ճրագի շուրջը ծածկված էր լուսո այդ անձնանվեր սիրահարների դիակներով...

Երբեմն իմ աչքերը հածում էին սենյակի շուրջը։ Կարծես, որոնում էին Բալլադի հետքերը: Նրա զենքերը մնացել էին իրանց տեղում: Չլինի՞ թե մոռացել էր նա։ Կամ նրան այլևս պետք չէին այդ մահվան և կենաց գործիքները։ Նա վերառեց իր փոքրիկ խուրջինը միայն, որի մեջ, որպես սրբություն, պահված էին այն մագաղաթները, որ նա գտավ Աղթամարա վանքում։

Պանդոկի բակից երբեմն լսելի էր լինում նրա նժույգի խուլ