Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ շնորհակալ եմ,— ասաց Ասլանը, ձեռքը մեկնելով նրան:— Ես առավոտյան պետք է գնամ Աստղաբերդը տեսնելու: Այնտեղից կգնամ Առաքելոց վանքը։ Հետո կվերադառնամ ձեզ մոտ և այստեղից ճանապարհ կընկնեմ...

— Մինչև ձեր վերադարձը ամեն ինչ պատրաստ կգտնեք ճանապարհի համար,— կրկնեց մեր հյուրընկալը:

ԼԱ
ԱՍՏՂԱԲԵՐԴ

Մյուս օրը, վաղ առավոտյան, ես և Ասլանը, մեր հյուրընկալի ծառաներից մեկին մեզ հետ առնելով, ճանապարհ ընկանք դեպի Աստղաբերդ։ Արփիարը ինչ-որ գործերի համար մնաց նրա տանը:

Չգիտեմ ինչո՞ւ, ես միշտ ուրախություն էի զգում, երբ Ասլանը տանում էր ինձ մի հին ամրոց կամ բերդ ցույց տալու։ Նրանց ավերակները միշտ իմ վրա ազդու տպավորություն էին թողնում։ Արդյոք նրա՞ համար, որ նրանց մեջ ես տեսնում էի անցյալ փառքի և զորության խորտակված հիշատակները, թե նրա՞ համար, որ նրանց մեջ երևում էր ժողովրդի իշխանների կյանքը, սովորությունները և նրանց հարաբերությունները՝ թե յուրայնոց և թե օտարների հետ։

Այդ բերդի անունն անգամ ինձ համար հրապուրիչ էր. Աստղաբե՜րդ գեղեցիկ անուն է։ Ասլանը ասում էր, Աստղկա-բերդ անվան փոփոխությունը պետք է լինի:

Ճանապարհը ոլորվում էր հարթ դաշտավայրի միջով։ Ես և Ասլանը նստած էինք ձիաների վրա, իսկ մեր առջևից ոտքով գնում էր մեր առաջնորդը։

Ես այժմ միայն առիթ ունեցա Ասլանի հետ խոսել Արփիարի մասին։ Այդ երիտասարդը ինձ խելքից հանել էր։ Բայց դեռ չգիտեի՝ ո՞վ էր նա, ո՞րտեղից հայտնվեցավ, ի՞նչ նպատակով էր եկել Մուշ և այլն։ Ասլանը ինձ շատ բան չասաց նրա մասին, բայց որքան էլ ասաց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը գոհացնելու համար։ Ես տեղեկացա, որ նա բնիկ տրապիզոնցի էր, սովորել էր Վենետիկի Մխիթարյանների վանքում, ուսումնասիրել էր պատմություն, գլխավորապես հայոց պատմություն և հայոց