Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպես չէ, պարոն, այո՛, առանձին միտք կա, պարոն,— կրկնեց պատվելին վարդապետական եղանակով։— Երբ «Հայր-մերը» թարսա են կարդում, Հիսուս Քրիստոսի շնորհքով, սատանան իր պոչի վրա մեխվում է գետնին, էլ չէ շարժվում տեղից։ Դա փորձված է, շատ անգամ փորձված է, պարոն։

Ասլանը դարձավ դեպի փոքրիկ աշակերտը։

— Դե՛, իմ քաջ, տեսնենք՝ ինչպես ես սատանային պոչի վրա կանգնեցնում։

Փոքրիկ աշակերտը վեր կացավ նստած տեղից, երկու ձեռքերը միմյանց վրա կպցրեց կուրծքին, երկու անգամ հազաց և անմեղ աչքերը պլշացնելով, կարդաց «ամեն հավիտյանս փառք և զորություն և արքայություն է քո զի»․․․

— Բավական է,— ընդհատեց Ասլանը,— այս անգամ սատանային հանգիստ թողեցեք։

Երևի պատվելին գոհ մնաց այդ հարցաքննությամբ, նա ցույց տվեց մի այլ աշակերտ, ասելով․

— Տեսնու՞մ եք, պարոն, այդ փոքրիկին, այնպես լավ սերտել է «Հավատամք»-ը, որ գիտե՝ նրա մեջ քանի այբ կա, քանի բեն կա, մի խոսքով բոլոր տառերը գիտե, պարոն, և բլբուլի պես պատասխան կտա։

— Երևի դուք թվաբանությունը այդ եղանակով եք սովորեցնում,— նկատեց Ասլանը։

— Ոչ, պարոն,— ասաց պատվելին խորհրդավոր ձայնով և միևնույն ժամանակ մի թթու ժպիտ երևաց նրա թոշնած դեմքի վրա։— Այստեղ ուրիշ իմաստություն կա․․․

Ես իսկույն հիշեցի, թե ինչպես տեր Թոդիկը ստիպում էր մեզ սովորել, թե քանի անգամ կրկնվում է աստուծո անունը «Շնորհյա»-ի մեջ, և միշտ խոստանում էր բացատրել մեզ մի խորհրդավոր գաղտնիք, որ թաքնված էր այդ կրկնությունների մեջ։ Բայց նա ոչինչ չբացատրեց մեզ։ Այսպես էլ Սիմոն պատվելին մեզ չասաց, թե, ինչ «իմաստություն» կար «Հավատամք»-ի այբուբենի թվերի մեջ։

Այնուհետև պատվելին առաջարկեց իր աշակերտներին զանազան այսպիսի հարցեր:

— Պետրոս, այն ո՞վ էր, որ երկու անգամ ծնվեց, մի անգամ մեռավ։

— Հովնան մարգարեն, վարժապետ։