Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Թորո՛ս, այն ո՞ր անասունն էր, որ մարդու լեզվով խոսեց և հրեշտակի ձեռքով սուր քաշեց։

— Բաղաամի էշը, վարժապետ։

— Մարտիրո՛ս, այն ո՞ր թռչունն էր. որին անիծեց Սողոմոն իմաստունը։

— Ճնճղուկը, վարժապետ։

— Ստեփա՞ն, այն ի՞նչ պտուղ էր, որ Ադամը կերավ, մերկացավ, Եվան կերավ, խենթաքավ։

— Թուզը, վարժապետ։

— Տեսնո՞ւմ եք, պարոն,— պատվելին ղարձավ ղեպի Ասլանը,— ինչպես բլբուլի պես պատասխան են տալիս։— Այդ միջոցին թթու ժպիտը դարձյալ հայտնվեցավ նրա դեմքի վրա և կարմիր աչքերի կարմիր կոպերը խիստ ծիծաղելի անկյուններ կազմեցին։— Իմ աշակերտները ամբողջ աշխարհում գովված են, պարոն, այդ քաղաքի մեջ իմ աշակերտները առաջիններն են համարվում, պարոն, ոչ տերտեր կարող է նրանց հետ խոսել և ոչ վարդապետ, այնպիսի հարց կտան, որ կապված կմնան։ Նորին սրբազնությունը հիացած է իմ աշակերտներով, ամիս չի անցնի, նորին սրբազնությունը ոտքը ներս չդնե իմ դպրոցի շեմքից։ Ահա այդ թանաքամանը նորին սրբազնությունն է ընծայել ինձ, պարոն։

Վերջին խոսքերով պատվելին կամեցավ ուշադրություն դարձնել իր թանաքամանի վրա, այդ պատճառով ձեռքը տարավ դեպի ուռած փորը։

— Այլևս ի՞նչ են սովորում,— հարցրեց Ասլանը։

— Մինչև ճաշ ուսում են ստանում, սովորում են գրել, կարդալ և զանազան իմաստություններ, իսկ ճաշից հետո սովորում են քաղաքավարություն, մարդավարություն,— այդպիսի բաներ։

Այս անգամ պատվելին, որ բոլոր խոսակցության ժամանակ մոռացել էր իր կարմիր քիթը,ձախ ձեռքի ցուցամատը տարավ դեպը ձախ կողմի պնչածակը և սկսեց քչփորել, կարծես այնտեղ մի բան նեղացնում էր նրան։ Հետո, կամենալով քաղաքավարության մի քանի օրինակներ ցույց տալ, դիմեց աշակերտներից մեկին, ասելով.

— Ապա՛, Օհանիկ, պարոնին մեկ պատիվ տուր։

Աշակերտների միջից դուրս եկավ մի թզաչափ երեխա, կանգնեց Ասլանի առջև, և երկու ձեռքերը դնելով միմյանց վրա, փոքրիկ ափերը բաց արեց, մեկնեց դեպի Ասլանը։ Բայց Ասլանը