Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես ստացա Բաթավիայից, այդ էր, որ ստիպեց ինձ շտապել և շուտով իմ հայրենիքը վերադառնալ։ Ես ավարտել էի իմ ուսումը։ Ջալլադը նույնպես ավարտել էր։ Երկուսս միասին թողեցինք սիրելի Ամերիկան, տանելով մեզ հետ շա՜տ և շա՜տ անմոռանալի հիշատակներ...

Ասլանը իր պատմությունը հասցրեց մինչև այստեղ, իսկ նրա շարունակությունը ես արդեն գիտեի... Այ՛, ես գիտեի, ես դեռ չէի մոռացել այն խոսքերը, որ մի օր անզգուշությամբ թռցրեց իր լեզվից պառավ Սուսանը, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, արաբական մինարեթի մոտ։ «Երբ Դինբուլի խանը կողոպտեց, կոտորեց մեր ցեղը, Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապատներից»... Արդյոք Հյուբբին Կարոյի երեխան չէ՞ր, որին պառավ բոշան ման էր ածում իր հետ։ Արդյոք Դինբուլիների ամրոցում փակված կինը Կարոյի կորցրած նշանածը չէ՞, որ Սուսանի միջոցով աղաչում էր Կարոյին ազատել իրան գերությունից։ Արդյոք այդ պառավ բոշան, Սուսանը, Կարոյի նշանածի մայրը չէ՞ր, որ կախարդի անունով մտնում էր Դինբուլների ամրոցը, իբր թե կանանց համար գուշակություններ անելու և, այդ առիթից օգուտ քաղելով, տեսնում էր իր աղջկան: Ես դեռ չէի մոռացել այն խոսքերը, որ մի անգամ, ավերակ մատուռի մոտ, այն նվիրական ծառերի տակ Հյուբբին միամտաբար ասաց ինձ. «Հյուբբին Սուսանի թոռն է, Հյուբբին անբախտ աղջիկ է, նրա մայրը կորած է, Հյուբբին պտրում է իր մորը»...։ Այդ բոլորը ինձ համար պարզ էր։ Բայց մի բան դեռ մթության մեջ էր մնում, թե ի՞նչ եղավ հնդկացի Ռաֆայելը, որի մասին այնքան համակրությամբ էր խոսում Ասլանը։ Ես Ասլանի կամ Կարոյի բոլոր ընկերներին ճանաչում էի, բայց այդ երիտասարդին դեռ չէի տեսել։ Ես ստիպված եղա հարցնել.

— Իսկ Ռաֆայե՞լը, ի՞նչ եղավ Ռաֆայե՞լը, նա մնաց Հնդկաստանում, թե եկավ Պարսկաստան։

— Եկավ,— պատասխանեց Ասլանը:

— Ի՞նչպես է, որ ես չեմ տեսել նրան։

— Դու նրան տեսնել չէիր կարող, նա զոհ եղավ մի անտեղի կասկածանքի...

— Սպանեցի՞ն նրան։ Ո՞վ սպանեց։

— Այդ մի հարցրու,— ասաց Ասլանը տխուր ձայնով և երեսը շուռ տվեց։

«Նա զոհ եղավ մի անտեղի կասկածանքի...»։ Համարյա միևնույն