Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն խոսքերը, որ մի անգամ ասաց ինձ Մարոն, երբ արտասուքը աչքերում զգուշացնում էր ինձ` չբարկացնել Կարոյին, և օրինակ էր բերում, թե ինչպես նա մի «կասկածանքի» համար սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի երիտասարդի։— Այդ ևս պարզվևցավ։ Բայց ես դարձյալ հարցրի Ասլանից, թե ի՞նչ կասկածանքի համար սպանվեցավ նա։

— Ինչ որ հարկավոր էր քեզ գիտենալ, ես բոլորը պատմեցի քեզ, Ֆարհատ,— ասաց նա ծանր կերպով,— պատմեցի, գլխավորապես այն նպատակով, որ դու հասկանաս, որ եթե մեր բարեկամները իրանց գործունեության մեջ որևէ սխալ են գործել,— այդ առաջ է եկել նրանց մեջ` եռանդի չափազանցությունից և գիտության պակասությունից։ Թե չէ, իբրև լավ մարդիկ, նրանց նմաները խիստ սակավ են գտնվում։ Նրանց անձնանվիրությունը, բաղձանքները և բոլոր ձգտումները անկեղծ են եղել։ Իսկ իրանց ձգտումներին հասնելու չափ` գիտություն չեն ունեցել։ Լսի՛ր, Ֆարհատ, առանց հիմնավոր գիտության մարդ չէ կարող օգուտ բերել ոչ իր ազգին, ոչ իր հայրենիքին և ոչ մարդկությանը: Ես բերեցի քեզ այստեղ, որ այդ բոլորը պատմեմ քեզ, որովհետև մենք շուտով բաժանվելու ենք միմյանցից։

Դարձյալ իմ սիրտը խոցվեցավ, դարձյալ, իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Ամեն անգամ, երբ լսում էի այդ խոսքը, թե բաժանվելու ենք միմյանցից, կարծես բոլոր աշխարհը մթնում էր ինձ համար:

— Գիտությունը գլխավոր ուժն է, Ֆարհատ, որ տնօրինում է մարդկային բարին, նրա երջանկությունը, նրա խաղաղությունը: Բայց դու ոչինչ գիտություն չունես, Ֆարհատ, քո մեջ պակաս է ամենահասարկ զարգացումն անգամ։ Քո մեջ կա միայն լավ սիրտ, կան և լավ հակումներ։ Եթե դու զարգանաս, կարող ես օգտավետ մարդ լինել։ Այսօր տանելու եմ քեզ մի վանք, այնտեղ կենում է մի մարդ, մի ճշմարիտ գիտնական մարդ, քեզ հանձնելու եմ այդ մարդուն։ Դու կմնաս նրա մոտ, նա այնքան բարի է, որ սիրով կհոժարի պարապել քեզ հետ։ Նրա մոտ եթե դու մեծ գիտություն ևս սովորելու չլինես, բայց զարգանալ կարող ես։ Դու այժմ ունես այնքան պաշար, թեև հում և անմշակ պաշար, որ կարող է շատ նպաստել քո զարգացմանը։ Դու անցար մեր հայրենիքի եթե ոչ բոլորը, գոնե նրա նշանավոր մասը։ Դու քո աչքով տեսար և տեղի վրա ծանոթացար մեր ժողովրդի դրության հետ, նրա անցյալի և ներկայի հետ։ Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքն է