Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեր ի՞նչ անել։ Պատվելին ժպտելով նկատեց, որ ձեռքը դնե աշակերտի ափի մեջ։ Ասլանը կատարեց նրա պատվերը։ Փոքրիկ Օհանիկը, նրա աջը երկու ափերի մեջ բռնած, նախ տարավ դեպի շրթունքը, համբուրեց, հետո տարավ դեպի ճակատը, դրեց գլխի վրա։

— Ապա՛, Ավագ, պարոնին գլուխ տո՛ւր,— պատվելին դարձավ դեպի մի այլ աշակերտ։

Բայց Ասլանը թույլ չտվեց, ասելով, որ չանհանգստացնե աշակերտներին։ Այսպես, պատվելին աշխատում էր ցույց տալ իր սանիկների բոլոր մտավոր և բարոյական կարողությունը, որոնք նրա կարծիքով, օրինակելի էին ամբողջ քաղաքում։ Նա խնդրեց, որ աշակերտները զանազան տաղեր երգեին, ավելացնելով, որ բոլոր տաղերը գիտեն՝ «վարդի ու բուլբուլի» տաղը, գինու տաղը, մեջլիսի տաղերը, մի խոսքով, բոլորը գիտեն։

— Հայոց պատմություն սովորո՞ւմ են,— հարցրեց Ասլանը։

— Ի՞նչ պետք է հայոց պատմությունը,— պատասխանեց պատվելին իր սովորական ժպիտով,— հայոց թագավորները բոլորն էլ կռապաշտ էին։

Ասլանը ոչինչ չպատասխանեց։ Պատվելին, հավատացած լինելով, որ իր այցելուն շատ գոհ մնաց իր դպրոցից, վստահություն ունեցավ հարցնելու։

— Պարոն, կարծեմ դուք բժիշկ եք։

— Այո՛, բժիշկ եմ։

— Այդ իմ քիթը... մի խոսքով... շատ է նեղացնում ինձ․․․— Նա այժմ աջ ձեռքի ցուցամատը կոխեց աջ կողմի պնչածակի մեջ սկսեց քչփորել։

Ասլանը նայեց նրա երեսին և ասաց.

— Քի՛չ խմեցեք և կլավանա ձեր քիթը։

Մենք դուրս եկանք դասատնից։ Այդ ժամանակ միայն նկատեցինք դասատան դռան մի կողմում երկու պատժված աշակերտներ։ Երկուսն էլ մերկ ծնկներով չոքեցրած էին մանր, սրածայր խիճերի վրա, երկուսն էլ ձեռքերով վեր էին բարձրացրել մի-մի հատ ամբողջ աղյուս։ Մի այլ աշակերտ, ճիպոտը ձեռին, կանգնած էր սրանց մոտ, հսկում էր, որ դատապարտյալները իրանց դիրքը չփոխեն։

— Ինչո՞վ են հանցավոր այդ ողորմելիները,— հարցրեց Ասլանը մոտենալով նրանց։

— Ես, պարոն, պատվիրել եմ իմ աշակերտներին, որ դրսում